News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-8-ին Հայաստանի Տավուշի մարզ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ եղել հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում: NEWS.am-ին Պաշտպանության նախարարություն լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այցի շրջանակներում նա տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին, ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը: Պաշտպանության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման եւ ենթակա զորամասերի հրամանատարության հետ:

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ սահմանամերձ գյուղերի բնակչության հետ: Ընդգծվել է, որ առաջնագծում տեղի ունեցած վերջին դեպքերը հերթական անգամ փաստեցին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցանկացած սադրանք անպատասխան չի մնում: Սեյրան Օհանյանը հավելել է, որ հակառակորդի ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից իրականացվելու են համապատասխան գործողություններ:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ուժերի հավասարակշռության, մեր զինծառայողների պատրաստվածության եւ մարտական բարձր ոգու շնորհիվ է, որ դիվերսիոն գործողություններ ձեռնարկած հակառակորդը, տալով կորուստներ, դիմել է փախուստի. «Մեր սահմանամերձ գյուղերի, խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ բացելու դեպքում դարձյալ խիստ ենք լինելու»,- ընդգծել է պաշտպանության նախարարը:

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում  ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է սահմանամերձ Ոսկեւան գյուղի միջնակարգ դպրոցի բակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը, որի ընթացքում Ոսկեւանի մի խումբ ազատամարտիկներ պարգեւատրվել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով:

Պաշտպանության նախարարն այցելել է նաեւ կայազորային հոսպիտալում գտնվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով վիրավորված զինծառայողներին: Շնորհակալության հայտնելով բարեխիղճ ծառայության, ցուցաբերած զգոնության եւ արիության, հայրենիքի հանդեպ պարտքը արժանապատվորեն կատարելու համար` Սեյրան Օհանյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ