News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանին որեւէ աշխատանքի առաջարկ չի արվել, եւ եթե որեւէ առաջարկ արվի, ապա դա հավանաբար կլինի Կառավարության ձեւավորումից հետո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Վարդան Բոստանջյանը: «Հասկանալի պատճառներով, քանի որ գնում է ձեւավորման պրոցես, բնականաբար, ես մտածում եմ, որ այդ գործընթացները պետք է ավարտվեն, որից հետո առաջարկություններ լինեն կամ չլինեն»,- ասաց նա:

Նա այժմ շարունակում է զբաղվել դասախոսական գործունեությամբ: «Քանի որ այդ գործը կա, հնարավոր է նաեւ առաջարկությունններ չլինեն, քանի որ ես արդեն գործ ունեմ»,- ասաց նա:

Վարդան Բոստանջյանը նշեց, որ աշխատանքի առաջարկությունների դեպքում իր համար գերադասելի է իր մասնագիտությանը համապատասխան որեւէ աշխատանք: Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու մասին տեղեկություններին, նա նշեց, որ նման առաջարկ չի արվել:

Հարցին, թե «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 19 հոդվածի 5-րդ կետի համաձայն` ԿԲ խորհրդի անդամները չեն կարող լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, դուք պատրա՞ստ եք այդ պաշտոնի համար հրաժարվել ԲՀԿ-ի անդամությունից, նա այսպես արձագանքեց. «Ես իհարկե չեմ ուզում «եթե»-ներով առաջնորդվել, բայց հասկանում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է լինի մասնագետ եւ օգտակար իր երկրի համար: Եթե մասնագիտական առումով անհրաժեշտություն կա տեղադրվել որեւէ տեղում, ապա պարզ չէ, որ առաջին տեղում մասնագիտությունն է, եւ մասնագիտությամբ աշխատելու համար օրենքի պահանջները չկատարել չի կարելի», - ասաց Վարդան Բոտսանջյանը` հավելելով, որ եթե նման առաջարկ լինի եւ անհրաժեշտ լինի ԲՀԿ-ից դուրս գալ, ապա նա կանի այդ քայլը:

Իսկ թե ԲՀԿ-ից դուրս գալուց հետո կդադարեցնի՞ իր կապերը այդ կուսակցության հետ, հարցին էլ արձագանքեց, որ կապերը պահպանում են նրանք, ովքեր ակնկալիքներ ունեն, իսկ ինքը որեւէ ակնկալիքներ չի կարող ունենալ, հետեւաբար` ինքնըստինքյան կնվազեն կապերը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը կնշանակվի  Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ