ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի եւ Ադրբեջանի արտգործնախարարի Բաքվում կայացած հանդիպման քննարկման հիմնական թեման դարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Այդ մասին նրանք հայտարարել են հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսում: Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարը Գիլմորին է ներկայացրել իր երկրի տեսակետը հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
«Հանդիպմանը մենք ընդհանուր եզրակացության ենք եկել, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ հիմնախնդրի լուծումը պետք է ձեռք բերվի որքան հնարավոր է շուտ», - նշել է Է. Մամեդյարովը: Նաեւ քննարկվել է ԵԱՀԿ-ի առաջ Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցը:
Է. Գիլմորը հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակներում նա Երեւանում եւ Բաքվում արտահայտել է միանման տեսակետ բանակցություններն ավելի ակտիվ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ: Նա անհանգստություն է հայտնել շփման գծում կատարվող դեպքերի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել ուժ չգործադրել:
Նշելով, որ տվյալ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով, Է. Գիլմորը հայտնել է, որ ԵԱՀԿ-ն կարող է ձեւաչափ ներկայացնել կողմերի հետագա երկխոսության համար, հաղորդում է ԱՊԱ-ն:
ԵԱՀԿ գործող նախագահն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին, ընդգծել է շփման գծից դիպուկահարներին հետ կանչելու եւ միջադեպերի հետաքննության անհրաժեշտությունը:
Է. Գիլմորը նշել է, որ Իռլանդիան եւս նման հակամարտություն է հաղթահարել, այդ պատճառով էլ հասկանում է «փխրուն ստատուս քվոյի» ամբողջ վտանգը: