Առաջիկա շաբաթվա ընթացքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքից կազատի ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի օրոք ԱԺ եկած աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանին, թեեւ վերջինս հայտարարել էր, որ իրեն չեն կարող ազատել աշխատանքից: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ աշխատակազմի ղեկավարի պոտենցիալ թեկնածուները երկուսն են` ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը եւ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի ներկա ղեկավար Վրեժ Գասպարյանին նշանակել է Սամվել Նիկոյանը, որի պաշտոնավարման օրոք 5 ամսվա ընթացքում նա պաշտոնի բարձրացում է ունեցել երեք աստիճանով` խորհրդականից դառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավար: Վրեժ Գասպարյանը, անսդրադառնալով իր պաշտոնավարման մասին խոսակցություններին եւ պատասխանելով հարցին, թե հնարավոր է իրեն տեղափոխեն այլ աշխատանքի, պատասխանել էր. «Չեն կարող»:
Ի դեպ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հայեցողական է, ոչ թե պետծառայողի: