«Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը` Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չկազմելու մասին, պայմանավորված է վարչապետի պաշտոնն ստանալու նրա հաշվարկով: Այս մասին, այսօր` հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ըստ էության, «Բարգավաճ Հայաստան»-ը հանդես է գալիս ոչ թե ամբողջ իշխանության, այլ կառավարության, իսկ ավելի ճիշտ` վարչապետի անձի դեմ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ինչպիսին էլ որ դրանք եղել են, «Բարգավաճ Հայաստան»-ը ձեւավորել է խորհրդարանում իր մեծությամբ 2-դ խմբակցությունը եւ կարծում էր, որ կարող է հավակնել վարչապետի պաշտոնին: Սակայն դա տեղի չունեցավ եւ հենց դրանով էլ պայմանավորված էր «Բարգավաճ Հայաստան»-ի որոշումը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու մասին»,- հայտարարեց Մարտիրոսյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, «Բարգավաճ Հայաստան»-ը չուզեց կիսել պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի համար` չմասնակցելով որոշումների ընդունման գործընթացին:
«Բարգավաճ Հայաստանի» այժմյան դիրքորոշումը հաշվի առնելով, օրենքների նախագծերը կարող են դժվարությամբ ընդունվել խորհրդարանում, հատկապես, եթե նրանք կրեն քաղաքական բաղադրիչ: Բավական է միայն 9 կոալիցիոն պատգամավորների բացակայություն, որպեսզի օրինագիծը չանցնի` քվորումի բացակայության պատճառով»,-նկատեց Ա. Մարտիրոսյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ նախագահական ընտրություններից հետո իրավիճակը բոլորովին այլ կլինի: Հայաստանի կառավարության կազմը, ամենայն հավանականությամբ, կփոխվի 2013 թ. նախագահական ընտրություններից հետո: «Այսպիսի կարծիքի համար տեղիք է տալիս Սերժ Սարգսյանի ելույթը կառավարության արտահերթ նիստում, որում նա շոշափել է այդ հարցը:
Ի սկզբանե պարզ էր, որ նախագահը որոշել է պահպանել ստատուս-քվոն եւ այդպես գնալ ընտրությունների»,-ամփոփեց նա: