News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կառավարության գործունեության 2012-2017 թթ. ծրագիրն ավելի քան համեստ է, մակրոտնտեսական ցուցանիշների առումով հիմնական նպատակները լրիվ հասանելի են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Ավելին, երբ տվյալ ծրագիրը համեմատում ես կառավարության հինգ տարի առաջվա ծրագրի հետ կամ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հետ, դժվար չէ նկատել, որ հիմնական ցուցանիշներով, մասնավորապես տնտեսության աճի տեմպերով, արտահանման եւ ներդրումների ծավալներով, պետծառայողների աշխատավարձի մակարդակով, մի շարք սոցիալական ցուցանիշերով բավականին ցածր է նրանից, ինչ նախատեսված է եղել 5 տարվա վաղեմություն ունեցող ծրագրերի ցուցանիշներով:

Առանձին դեպքերում բերվում են պարզապես չմտածված եւ ոչ մի կերպ չհիմնավորված նպատակային ցուցանիշներ», - հայտարարել է Ասատրյանը, որպես օրինակ մատնանշելով կառավարական ծրագրի դրույթը ծնելիության մակարդակի բարձրացման մասին:

«Այս դեպքում արդեն 2017 թ. ծնված երեխաների թիվը պետք է կազմի 57 հազարից ավելի, այսինքն, համարյա մեկ երրորդով գերազանցի այժմյան մակարդակը` սա ավելին չէ, քան լավ մտադրություն, որով, ինչպես հայտնի է , հարթված է դժոխքի ճանապարհը: Սակայն կարեւորն այն է, որ նույնիսկ խորհրդարանի կողմից արդեն հաստատված ծրագրի կատարումը չի շտկի իրավիճակը, չի հանի երկիրը այսօրվա աղքատ վիճակից: Օրինակ, խոսվում է մոտ 100 հազար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման մասին, այն դեպքում, երբ ամենամյա արտագաղթի չափերն անցած տարվանից գերազանցում են 50 հազարի մակարդակը, ամենահամեստ գնահատականներով աշխատանքային միգրացիան շատ ավելի բարձր է 100 հազարից», - հայտարարել է Բ. Ասատրյանն, ընդգծելով, որ դա վերաբերում է ոչ միայն մակրոտնտեսական նպատակային ցուցանիշներին:

«Օրինակ, որքան արժեն կոռուպցիայի կամ մենաշնորհների գործունեության կարգավորման, ստվերային տնտեսության կրճատման, ինստիտուցիոնալ զարգացման մասին զրույցները: Դրանք պարզապես արտագրվում են մի ծրագրից մյուսը, իսկ տեղաշարժ չկա:

Հայաստանին չափազանց անհրաժեշտ են արմատական վերափոխումներ, իսկ դա հնարավոր է առաջին հերթին քաղաքական կամքի առկայության դեպքում, որի բացակայության եւ ընդհանրապես ինչ-որ բան փոխելու համար ցանկություն չունենալու մասին իշխանությունները «հայտարարեցին» վերջին խորհրդարանական ընտրություններում», - եզրափակել է Բագրատ Ասատրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության գործունեության ծրագիրը հունիսի 21-ին հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ