Մանկական «Նոր ալիք– 2011» մրցույթի հաղթող, «Կոմսոմոլսկայա գազետա» թերթի վարկածով «Տարվա մարդ», մանկական «Եվրատեսիլ– 2009»-ի մասնակից Անդրանիկ Ալեքսանյանը, ով Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքից է, 14 տարեկանում արդեն մենահամերգով է հանդես գալիս: Հաղթահարելով ծանր հիվանդությունը (նա տառապում է ոսկորների աճի արատով– խմբ.), տղան անշեղորեն գնում է դեպի իր երազանքը` երգել մեծ բեմի վրա:
Անդրանիկը Հայաստան եկել է որպես հատուկ հյուր` մասնակցելու Ազգային մանկական մրացանակաբաշխությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ներկայացրեց իր ապագա ծրագրերը, խոսեց երաժշտական նախասիրությունների եւ շատ այլ բաների մասին.
Հիմա քեզ մոտ դեռահաս տարիքի ձայնային մուտացիայի շրջան է: Թույլ տալի՞ս են երգել: Որքան գիտեմ, բավականին հագեցած ժամանակացույց ունես:
Այո, մուտացիան կշարունակվի եւս 4 ամիս, հետո ամեն ինչ տեղը կընկնի: Երգել կարելի է, բայց ոչ շատ` ձայնալարերը չծանրաբեռնելու համար: Իմ ժամանակացույցը բավականին հագեցած է: Այստեղից պետք է մեկնեմ Լատվիա, հետո` Իտալիա:
Դու բազմաթիվ մրցույթների ես մասնակցել: Ո՞րն է քեզ համար առավել նշանակալի եղել:
Միանշանակ` «Նոր ալիքը»: Նույնիսկ մասնակցությունը մանկական Եվրատեսիլին այդքան նշանակալից չէր: Այնտեղ ես գրավեցի 4-րդ տեղը, եւ այդ ամենը շատ արագ կարծես մոռացվեց: Իսկ «Նոր ալիքից» հետո ես շատ հրավերներ սկսեցի ստանալ: Մասնակցությունն այդ բոլոր մրցույթներին ինձ փորձ եւ ընկերներ է տվել:
Ինչպե՞ս ես կազմում երգացանկդ:
Ինձ դուր է գալիս էստրադան, դասկան երաժշտությունը, մեծ դիապազոնով երգերը, որտեղ կարելի է ցույց տալ ձայնը: Երգում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Չեմ սիրում ռոք:
Բազմիցս հայտարարել ես, թե կցանկանայիր երգել «Լա Սկալայում»: Քո ծրագրերը դեռ արդիակա՞ն են:
Այո, հնարավոր է, իմ երազանքը շուտով իրականություն դառնա: Հաջորդ տարի ավարտում եմ 9-րդ դասարանը, այնպես որ ժամանակն է որոշել, ինչ պետք է անել: Նախկինում ցանկանում էի ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան, սակայն, այնուամենայնիվ, որոշեցի սովորել Իտալիայում: Հիմա սովորում եմ երաժշտական դպրոցում: Տեսնենք, ինչպես կստացվի:
Դու երգ ունես, որը կոչվում է «Երկու հայրենիք»: Ի՞նքդ ես հեղիանկը, ի՞նչ ես ցանկացել դրանով ասել:
Այո, հեղինակը ես եմ: Ցանկացել եմ ասել, որ իմ հարենիքը համարում եմ Ուկրաինան եւ Հայաստանը, եւ որ ոչ մեկը հնարավոր չէ մոռանալ: Իմ հասկացությամբ հայրենիքն այն է, որտեղից ծնողներդ են: Հայրս Հոկտեմբերյանից է, մայրս` Ուկրաինայից, թեեւ լեհական ծագում ունի:
Նշիր աշխարհում ամենասիրած եւ չսիրած բաները...
Սիրում եմ կենդանիներ: Պաշտում եմ իմ Բոբիկին, նա յորքշիրյան թերիեր է, եւ շատ եմ սիրում հետը ժամանակ անցկացնել: Չեմ սիրում կեղծավորությունը:
Դու արդեն ունա՞կ ես ճանաչել կեղծավորությունը: Ինչպե՞ս:
Այո, ես անգամ հեռվեց եմ զգում, երբ մարդն անկեղծ չէ, երբ ոչ ոքի մասին չի մտածում, բացի իրենից:
Ինչպե՞ս են գործերը դպրոցում: Դու անհատական ծրագրով ես սովորում, այնպես չէ՞:
Ամեն ինչ նորմալ է, սովորում եմ կամաց-կամաց: Չեմ սիրում պատմությունը:
Գիտեմ, որ «Նոր ալիքում» հաղթանակից հետո ռուսաստանյան եւ ուկրաինական էստրադայի որոշ աստղեր քեզ հովանավորում են: Ո՞ւմ հետ ես առավել մոտ, ո՞վ է քեզ խորհուրդներ տալիս, օգնում:
Այո, Ֆիլիպ Կիրկորովն ինձ աջակցում է: Մի քանի օր առաջ ես հանդես եկա նրա հոր` Բերդրոս Կիրկորովի հոբելյանի ժամանակ: Ֆիլիպն ինձ խորհուրդներ է տալիս ոչ միայն կատարողական վարպետության, այլեւ կյանքի, շոու-բիզնեսի մասին ընդհանրապես: Համերգների ժամանակ մշտապես հանդիպում եմ Անի Լորակին: Նա նույնպես խորհուրդներ է տալիս:
Ո՞րն է այն կարեւոր խորհուրդը, որ ստացել ես նրանցից:
Մի անգամ Անի Լորակն ինձ ասաց, որ պետք է լինել այնպես, ինչպես կաս: Ես շատ թանկ եմ համարում այդ խորհուրդը եւ հետեւում եմ դրան:
Հասկանո՞ւմ ես, թե ինչ է շոու-բիզնեսը:
Կեղտոտ բան:
Եվ դու, այդուհանդերձ, ցանկանո՞ւմ ես դրա մաս դառնալ:
Ոչ այնքան, բայց ստիպված կլինեմ: Ցանկանում եմ երգել, հանդես գալ հանդիսատեսի առջեւ: Արդեն այնպիսի ճանապարհ է գցված, որ չեմ կարող ռելսերից դուրս գալ: Ես երազում եմ մեծ բեմի մասին:
Դու չունե՞ս այնպիսի տպավորություն, որ շոու-բիզնեսում դու հետաքրքիր կլինես այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանան քեզնով գումար աշխատել: Չե՞ս վախենում, որ քեզ կարող են օգտագործել ու դեն նետել:
Վախենում եմ... բայց նման բան չի լինի: Ես առաջ կգնամ մինչեւ վերջ:
Ո՞ւմ վրա ես հույսդ դնում:
Միայն իմ եւ ծնողներիս:
Իսկ Կիրկորո՞վը:
Դե, նաեւ նրա վրա, նա ինձ օգնում է:
Դու պետք է Գերմանիայում եւ Սանկտ Պետերբուրգում բժշկական հետազոտություն անցնեիր: Ի՞նչ նորություններ կան, ի՞նչ կանխատեսումներ են անում բժիշկները:
Պետերբուրգում հետազոտվել եմ: Բժիշկները երաշխիք չեն տալիս, որ վիրահատությունից հետո սայլակին գամված չեմ մնա: Նրանք կարող են երկարացնել վերջույթները, սակայն թաթի չափը փոխել հնարավոր չի լինի: Բայց առանց երաշխիքի վիրահատության չեմ գնա: Գերմանիա չեմ գնացել: Կլինիկայում մնալը կարժենա օրական 20000 եվրո, իսկ այնտեղ պետք է մնալ առնվազն երկու շաբաթ: Առաժմ այդպիսի գումարներ մենք չունենք:
Ի՞նչ կդառնաիր, եթե չընտրեիր երաժշտի կարիերան:
Միայն երաժիշտ, ուրիշ ոչինչ:
Հաճա՞խ ես Հայաստան այցելում:
Ոչ, վերջին անգամ այստեղ եղել եմ 11 տարի առաջ, սակայն հաճույքով կգամ, եթե հրավիրեն: Թեեւ առանց դրա էլ այցելելու եմ Հոկտեմբերյանում բնակավող տատիս ու պապիս:
Ինչ-որ բան ասա քո հայ հանդիսատեսին: Այստեղ քեզ շատերն են ճանաչում, ցավում են քեզ համար:
Ցավել ես ինքս էլ կարող եմ (ծիծաղում է), շնորհակալ եմ, թող բոլորն առողջ լինեն: Ինձ շատ հաճելի է, ես չեմ հիասթափեցնի: