Վրաստանի խոշոր քաղաքներում եւ տարածաշրջանային կենտրոններում ընդդիմությունը զանգվածային ակցիաներ է նախապատրաստում: Այս մասին NEWS.am-ին ասաց Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն: Նրա խոսքով` վրացական երեք քաղաքներում արդեն մի շարք ակցիաներ են տեղի ունեցել, եւ այդ միջոցառումները կշարունակվեն հստակ սահմանված ժամանակացույցով:
«Վրացական ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան նման ակցիաներ կիրականացնի ընդհուպ մինչեւ այս աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Այդ ակցիաների նպատակը վրացական հանրության համախմբումն է»,-նշեց Արեշիձեն:
Փորձագետի խոսքով` այդ ակցիաները տարբերվում են հետխորհրդային տարածքում սովորական բողոքի ակցիաներից եւ որոշ առումով ուժի ցուցադրում են: Ընդ որում, ըստ նրա, Վրաստանի իշխանություններն ի վիճակի չեն խոչընդոտել ընդդիմությանը, քանի որ երկիրը պարզապես «լցված է» միջազգային դիտորդներով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանում քաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է: Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մայիսի 27-ին բողոքի զանգվածային ակցիա էր կազմակերպել, որի մասնակիցների թիվը հասել է 110 հազարի:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերին: