Զբաղվածության հարցը մեր տնտեսության համար ամենածանր խնդիրներից է: Դրա հաղթահարմանն ուղղված միջոցառումների մասին NEWS.am-ին պատմեց Զբաղվածության պետական գործակալության ղեկավար Սոնա Հարությունյանը.
Տարվա ընթացքում ինչպիսի՞ խնդիրներ է իրականցնում գործակալությունը:
Անցած տարվանից 14 ծրագիր է իրականացվում, որից 3-ը նոր են` ուղղված երիտասարդությանը, հատկապես, գյուղական երիտասրդության եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդրի լուծմանը:
Երիտասարդության շրջանում ծրագրի իրականացումը պատահական չէ, քանի որ այս խմբում գործազրկության մակարդակը բավականին բարձր է`38-40%: Խնդիրն այն է, որ գործատուն նախընտրում է աշխատանքի ընդունել ոչ թե երիտասարդներին, այլ փորձառու մասնագետներին` համապատասխան հմտություններով: Այդ խոչընդոտի հաղթահարման համար ներդրվեց «Մասնագիտություն ունեցող, բայց փորձ չունեցող գործազուրկների եւ զբաղվածություն չունեցող հաշմանդամների պրակտիկայի կազմակերպում գործատուների մոտ» ծրագիրը:
Գյուղական երիտասարդության մասնագիտական ուսուցման մատչելության ապահովման համար ներդրվել է մեկ այլ` «Աշխատանք փնտրող, գյուղնշանակության հողերի սեփականատերերի մասնագիտական ուսուցում» ծրագիրը:
Աշխատանքի շուկայում ցածր մրցունակություն ունեցողների համար ինչ-որ բան արվո՞ւմ է:
«Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում` ոչ մրցունակ անձանց աշխատանքի ընդունելու դիմաց» նախագածի շրջանակում տարվա ընթացքում նախատեսված 180 ենթածրագրերից հունիսի 1-ի դրությամբ իրականացվել է 109-ը, նրանցից 52-ը` հաշմանդամների համար:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տվյալ ծրագրում 3,6%-ով ավելի շատ քաղաքացի է նրգրավված, այդ թվում հաշմանդամենր` 32,7%-ով: Այս ծրագիրը բավականին արդյունավետ է եւ հաջողությամբ է իրականացվում մեր կենտրոնների կողմից:
«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով տարվա ընթացքում նախատեսված 1438 շահառուներից ուսուցման դաստընթաց է անցել 389 մարդ: Սակայն թվարկվածները մեր կողմից իրականացվող ծրագրերի շատ փոքր մասն է միայն:
Ժամանակին գործակալությունը բավականին հետաքրքիր ծրագրով էր զբաղվում` աշխատանքի տեղավորելու նպատակով անձանց հանրապետության այլ շրջաններ տեղափոխելով: Շարունակվո՞ւմ է այն:
Այո, ծրագիրն իրականցվում է «Աշխատանք փնտրող գործազուրկներին եւ զբաղվածություն չունեցող հաշմանդամներին նյութական ծախսերի փոխհատուցում` նոր վայր աշխատանքի ուղարկելու հետ կապված» անվանումով: Տարբեր շրջաններում բժիշկների, ուսուցիչների, հաշվապահի, տնտեսագետ-ապրանքագետի եւ այլ թափուր տեղեր են զբաղեցրել գրեթե մեկուկես տասնյակ գործազուրկներ:
Այստեղ շահում են երկու կողմ էլ. մարդիկ աշխատանք են ունենում, իսկ գյուղերը ստանում են մասնագետներ, որոնց կարիքն ունեին:
Տարիներ շարունակ իրականացվում էին «աշխատանքի տոնավաճառներ»` գործատուների եւ աշխատանք փնտրողների հանդիպում կազմակերպելու համար...
Այդ ծրագիրը շարունակվում է: Հիշեցնեմ, որ անցած տարի տոնավաճառներ էին կազմակերպվել մայրաքաղաքում եւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Աշտարակ, Հրազդան քաղաքներում, որոնց արդյունքում ավելի քան հինգ հարյուր մարդ է աշխատանքի տեղավորվել: Շուտով Հրազդանում կկազմակերպվի այս տարվա առաջին աշխատանքի տոնավաճառը:
Ո՞ր ծրագիրը կարելի է հեռանկարային համարել:
Կարծում եմ դա «Մասնագիտություն ունեցող, բայց փորձ չունեցող գործազուրկների եւ զբաղվածություն չունեցող հաշմանդամների պրակտիկայի կազմակերպում գործատուների մոտ» ծրագիրն է: Այն մարդկանց հնարավորություն է ընձեռում մասնագիտական ունակություններ եւ աշխատանքային փորձ ձեռք բերել, ավելի մրցունակ լինել աշխատանքի շուկայում, ինչը մեծացնում է աշխատանքի ընդունվելու նրանց շանսերը:
Ընդհանուր առմամբ գործակալության աջակցությամբ քանի՞ մարդ է աշխատանքով ապահովվել:
Տարեկան առաջադրանքով նախատեսված է 11,5 հազ. մարդու աշխատանքի տեղավորել: Տարեսկզբից արդեն աշխատանքի է ընդունվել 4,6 հազ. մարդ, որից 2,5 հազարը` կանայք:
Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը