News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Հունիսին հայ-ադրբեջանական սահմանագծի թեժացումը միջազգային հանրության համար չկարգավորված հակամարտությունները կառավարելի պահելու հրամայական են ստեղծում: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար,  նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝  ղարաբաղյան հակամարտությունը եւ տարածաշրջանը թեւակոխել են մի այնպիսի փուլ, որտեղ պետք է հակամարտության կողմերը գտնեն ուղիներ՝ ադապտանալու նոր վիճակին կամ էլ կողմերի զինվածության եւ թշնամության մակարդակը ստեղծում են մեկ այլ իրավիճակ, որից այն կողմ կամ պետք է լինեն շատ ավելի լայնամասշտաբ բախումներ:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ միջազգային հանրության կողմից կողմերին ինչ էլ ներկայացվի, միեւնույն է, հնարավոր չի լինելու պարտադրել մի տարբերակ, որից երկու կողմերը խուսափելու տարբերակ չեն ունենա:  «Տարածաշրջանի եւ հակամարտության գոտում ստեղծված իրողությունները այնպիսին չեն, որ թույլ տան մտածել, որ միջազգային հանրության համար ԼՂ խնդիրը հրատապ է, ինչպես նաեւ հավանական չէ, որ  կներկայացվի մի լուծում եւ միջազգային հանրությունը կունենա դա պարտադրելու կարողություններ: Միակ լուծումը հակամարտության մենեջմենթն է, կառավարելի պահելը, որպեսզի այն դուրս չգա թույլատրելի սահմանից եւ չբերի անկանախատեսելի հետեւանքների»,- նշեց նախկին պատգամավորը:

Ստեփան Սաֆարյանը հավանական չի համարում պատերազմի վերսկսումը, որովհետեւ, ադրբեջանական բանակը ի զորու չէ լուծելու իր առջեւ դրված խնդիրները, թեեւ «հնարավոր է նման ցավալի դեպքերը կրկնվեն, զինվորների կյանքեր խլվեն»: Նրա խոսքով՝ դրան գումարվում են նաեւ տարածաշրջանում միջազգային շահերը, որոնք դարձել են տարածաշրջանային խաղաղության երաշխավորներից մեկը:

Մեկ հանգամանքի վրա եւս Ստեփան Սաֆարյանը հրավիրեց ներկաների ուշադրությունը: Երբ նա գտնվում էր Նոյեմբերյանի հայրենի գյուղում, տեղեկացել է, որ սադրանքի թեժ պահերին ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները բարձրացել էին երկինք՝ ցույց տալով, որ ադրբեջանական սադրանքը գործ կունենա ոչ միայն հայկական զինված ուժերի, այլեւ ռուսական ռազմաբազայի հետ: Տեղացիները պատմել են, որ դրանից հետո հանդարտվել էր իրավիճակը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հանրապետությոնում սպասվող նախագահական ընտրություններին՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ չկա թեկնածու, որի նկատմամբ «Ժառանգությունը» ունենար որեւէ հակվածություն՝ տեսնելու ԼՂՀ նախագահի պաշտոնում: Դրա պատճառը ոչ թե այն է, որ թեկնածուներն ընդունելի չեն, այլ նրանք հարգում են ԼՂՀ սուվերենությունը եւ կարծում են, որ դա վճռողը այնտեղի ժողովուրդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ