News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հարսնաքարի» հարցով Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 44 ստորագրությունները գործնականում անհնար է հավաքել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության նախաձեռնությունը, նշեց, որ ԲՀԿ խմբակցությունն արտահերթ նիստ գումարելու հարց չի քննարկել: «Տեխնիկապես էլ հնարավոր չէ, որ մենք նման հարց քննարկենք, որովհետեւ պատգամավորների զգալի մասը հանրապետությունում չեն: Բայց պատգամավորներից նրանք, ովքեր այստեղ են, եւ նրանց թիվն այդքան էլ մեծ չէ, եւ ցանկություն կունենան միանալ նախաձեռնությանը, կարող են միանալ: Թեեւ պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ 44 ստորագրություն հավաքել հնարավոր չի լինի»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ԲՀԿ խմբակցության 36 պատգամավորներից քանիսն են Հայաստանում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե որքան ԲՀԿ-ական պատգամավոր կա Հայաստանում: Համենայն դեպս, ԵՄ նախագահ  Ռոմպոյի հետ հանդիպմանը հուլիսի 4-ին ԲՀԿ-ից ներկա էր եւ մասնակցեց 12-13 պատգամավոր»:

Ի դեպ, ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանը` «Յուվեցի Կարոն» ասել էր, թե չի միանալու ստորագրահավաքին: «Դա իր իրավունքն է, մենք խմբակցության որոշում չունենք արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ»,- գործընկերոջ հայտարարությունը մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինիս խոսքով, ավելի վաղ քննարկումների ժամանակ տեսակետներ հնչել են, եւ ինքը նշել է, թե ռեալ չի համարում այս պահին արտահերթ նիստ անելը: «Այս պահին ռեալ է հարցաշարով դիմել իրավապահ համակարգին: Բայց եթե կա նախաձեռնություն, մեր որոշ պատգամավորներ իրենց նախաձեռնությամբ կմիանան»,- նշեց պատգամավորը, իսկ դիտարկմանը, թե նախաձեռնության ձախողումից հետո կարող են շահարկումներ լինել ԲՀԿ-ի հասցեին, ասաց. «Չեմ կարծում, թե շահարկումներ լինեն: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, ինչ անել»:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը երեկ` հուլիսի 11-ին ԱԺ քարտուղարությունից վերցրել է անհրաժեշտ ձեւաթղթերը` արտահերթ նիստ գումարելու պահանջով ստորագրություններ հավաքելու նպատակով: Մինչեւ այսօր երեկոյան ժամը 18-ը պետք է հավաքել 44 պատգամավորի ստորագրություն` նիստ գումարելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ