News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հուլիսի 16-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Վատիկանի Արեւելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին` ուղեկցությամբ Հայաստանում եւ Վրաստանում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկիի եւ Հայաստանում, Վրաստանում ու Արեւելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի: 

Հանդիպմանը Գարեգին Բ-ն ողջունել է կարդինալի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` արձանագրելով, որ Հայ առաքելական եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցիների պատմականորեն նվիրագործված հարաբերություններն աչքի են ընկնում առանձնակի ջերմությամբ:

Կաթողիկոսն ընդգծել է Մայր Աթոռի եւ Վատիկանի միջեւ կրթական եւ սոցիալական ոլորտներում առկա արդյունավետ համագործակցության կարեւորությունը: Նա վերհիշել է իր հանդիպումները Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ պապի եւ Հռոմի Բենեդիկտոս ԺԶ քահանայապետի հետ: Ապա, անդրադառնալով  նաեւ կարդինալ Սանդրիի հետ ունեցած հանդիպումներին, Գարեգին Բ-ն բարձր է գնահատել վերջինիս առանձնահատուկ վերաբերմունքը հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու հանդեպ:

Խոսելով քույր Եկեղեցիների հետ հարաբերությունների եւ համագործակցության մասին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծել է, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է սիրո միության մեջ լինի` պատմական զարգացումների արդյունքում ձեւավորված արժեքային համակարգերի լիարժեք, անխաթար պահպանությամբ, ինչը կնպաստի քրիստոնեական առաքելության հաջող իրագործմանը:

Հանդիպման առիթով Գարեգին Բ-ն կարդինալ Սանդրիի միջոցով եղբայրական իր սերն ու ողջույններն է փոխանցել Հռոմի Սրբազան Քահանայապետին:

Իր հերթին, կարդինալ Սանդրին եւս ուրախություն է հայտնել հանդիպման առիթով եւ անդրադարձել Հայ Եկեղեցու հետ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերություններին` հույս հայտնելով, որ դրանք ավելի կսերտանան ու կզորանան: Վատիկանի Արեւելյան Եկեղեցիների Ժողովի նախագահը Գարեգին Բ-ին է փոխանցել նաեւ Բենեդիկտոս ԺԶ պապի ջերմ ողջույնները:

Հանդիպումից հետո Գարեգին Բ-ն եւ կարդինալ Լեոնարդո Սանդրին այցելել են Մայր Տաճար, աղոթք բարձրացրել Իջման Ս. Սեղանի առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ