News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի Դեղձավան համայնքի բնակիչների մի մասի ձեռքից շուրջ 5 տարի է վերցրել են իրենց վարելահողերն ու խոտհարքները: Վրացական կողմը սահման է գծել ու փշալար անցկացրել երբեմնի վարելահողերի ու արոտավարերի միջով, առանց   գյուղացիներին  տեղյակ պահելու: Միեւնույն ժամանակ Դեղձավանի համանքապետը  պահանջում է վճարել հայ-վրացական սահմանի վրացական կողմում գտնվող եւ հայերի համար արգելված տարածք համարվող վարելահողերի համար,  ինչն էլ առաջացրել է դեղձավանցիների զայրույթը: Ինչպես Դեղձավանից հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, ընդհանուր առմամբ սահմանից այն կողմ հայտնվել է շուրջ 50 հա վարելահող եւ արոտավայր: Շուրջ 18 գյուղացիների հողերի մի  մասն անցել են վրացական կողմին, իսկ համայնքապետը շարունակում է հարկեր պահանջել չմշակվող հողերի դիմաց:

Այս ամենի  հետ կապված փորձեցինք պարզաբանումներ լսել անձամբ Դեղձավանի գյուղապետ Ռոբերտ Հովհաննիսյանից,  վերջինս նախ հրաժարվեց հարցազրույց տալ`պատճառ բերելով իր «հագ ու կապը», այնուհետ հիշեց, որ արձակուրդում է ու իրավիճակը հանձնարարեց ներկայացնել իր տեղակալին`Հարություն Միրզոյանին: Նաեւ հավելեց, թե «ԱԱԾ-ի տղաները» կարող են իրեն կամ ընտանիքի անդամներին «նեղացնել» մեզ հարցազույց տալու համար:

NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Դեղձավան գյուղապետի տեղակալ Հարություն Միրզոյանը փոխանցեց, որ  2007թ-ին կադաստրի պետական կոմիտեից եկել են, վարչական սահմանները ճշտել, գծել ու նոր  քարտեզ տվել: «Դրանից հետո մեր վարչական տարածքի սահմանը խախտվել է: Հայ-վրացական սահման են քաշել մեր հողերի տարածքում`շուրջ 50 հա մնացել է փշալարից այն կողմ, որից 7 հա-ը վարելահող, իսկ մնացածը` արոտներ ու խոտհարք»,-ասաց նա, հավելելով, որ նոր սահմանը մեծ վնասներ է հասցնում համայնքի գյուղատնտեսությանը: «Գյուղում շուրջ 207 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա, էսօր մենք դժվարանում ենք ինչպես արածեցնելու, այնպես էլ անասնակերի կուտակման հարցում: Սեփականաշնորհած վարելահողերը նույնպես մնացել են փշալարից այն կողմ, չենք կարողանում հողի հարկ հավաքել, գյուղացիները պատճառաբանում են, որ հնարավորություն չունեն պետական սահմանից այն կողմ անցնեն հողերը մշակելու համար, դրա համար էլ հարկերը չեն վճարում»,-ասաց նա:

Այս ամենին զուգահեռ նրա փոխանցմամբ կառավարությունն ու համայնքը գյուղացուն չեն ազատել նաեւ հողի հարկից, հաշվի չառնելով, որ գյուղացին նշված հողատարածքից որեւէ եկամուտ չունի. «Գյուղացիք մեզ են դիմում, մենք էլ քանի անգամ կառավարություն ենք դիմել, բայց կոնկրետ պատասխաններ չենք ստացել»:

Դեղձավանցի Լյովա Սահակյանի շուրջ 3000քմ վարելահողը եւս մնացել է սահմանից այն կողմ, NEWS.am-ի Տավուշի թղթակցի  հետ զրույցում վերջինս նկատեց, որ փաստացի իրենց ձեռքից խլել են իրենց սեփական հողերը, փոխարենը ոչինչ չտալով: «Չենք կարողանում մեր հողերին տեր կանգնենք, վրացիներն ասում են մերն է, հայերն ասում են մերն է, իսկ հարկերը խեղդելով պահանջում են…., ով կարա էն կողմ անցնի, որ հողը մշակի, բերք ստանա, իրանց ուզած հարկերն էլ տա»,-ասաց նա, հավելելով. «Ես փող չեմ ուզում, ես հողի դիմաց հող եմ ուզում, իմ ուզած տեղից, բայց գյուղապետը չի տալիս»,-ասաց գյուղացին, հավելելով, որ փաստացի իր հողը վերցրել են առանց իրեն տեղյակ պահելու:

Գարիկ Մելդոյանը, ում շուրջ 4000 քմ հողատարածքը եւս մնացել  է փշալարերից այն կողմ, կատարվածի մասին պատահական է իմացել, «Գնացինք, ասեցին սա պետությունն է որոշել, էստեղ ոչ ոք էլ իրավունք չունի մտնի: Գյուղացիները համայնքից ու կառավարությունից հող են պահանջում, հակառակ դեպքում` փոխհատուցում գումարի տեսքով»:

Գյուղապետի փոխանցմամբ խնդրի մասին իրենք դիմել են կառավարություն, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանձնարարել է սահմանի այն կողմում հայտնված հողերի դիմաց այլ հողատարածքներ տալ գյուղացիներին, գյուղապետը առաջարկել է, սակայն ինչպես ինքն է ասում. «Գյուղացիները չեն ուզում, պահանջում են իրենց վրայից հանել փշալարի հետեւում մնացած հողերն ու ազատել հարկերից, նոր միայն այլ հողակտորներ տալ, մենք էլ ոչ պիտանի հողեր ենք առաջարկում, չունենք այլ հողեր»: Գյուղապետի հավաստմամբ փշալարը կապել են առանց իր եւ որեւէ մեկի իմացության: «Ինքնագլուխ եկել արել են, ոչ մեկի բան չեն հարցրել, ըստ օրենքի ես պետք է շինթույլտվություն տայի, բայց ինձ ոչ ոք չի հարցրել կամ առաջարկել…Փաստացի վրացին տեր է կանգնել մեր 50 հա հողերին»,-ասաց նա: Խնդրի լուծումը գյուղապետը տեսնում է կառավարության թույլտվությամբ նշված հողերն իրենց բալանսից հանելու մեջ, որը թե իրենց կազատի գլխացավանքից, թե գյուղացուն:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի

Տպել
Ամենաշատ