News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասնական շտաբի գործունեությունը որեւէ առնչություն չունի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի փնտրտուքի հետ, նման հարց այդ շրջանակներում չի քննարկվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակում իր ընդգրկվելու եւ հետո ինքնաբացարկ ներկայացնելու փաստին` Հովհաննիսյանը նշեց, որ իրեն«քցել են»: «Եկել են, երեք ուժեր նստել, իրար հետ դզվել են, իսկ երեք քրեական գործեր թողել իմ վրա»,- նշեց քաղաքագետը: Նա նշեց, թե Գագիկ Ծառուկյանի հետ քաղաքական պայմանավորվածություն է ունեցել, իրեն առաջարկել է ընդգրկվել ցուցակում որպես անկուսակցական, խոստացել են, որ խորհրդարանում հնարավորություն է ունենալու ղեկավարել Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը:

Հարցին, թե ինչու համաձայնեցիք մանդատը վայր դնել, նա այսպես արձագանքեց. «Դուք ուզում էիք ես Վահե Ավետյանի օ՞րը ընկնեմ, օլիգարխների հետ չեն վիճում»:

Հովհաննիսյանը  նեղացած չէ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից, ընդհակառակը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը իրեն մեծ լավություն է արել, քանի որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահը պետք է մուտք գործի խորհրդարան անկախ կարգավիճակով: Մյուս կողմից էլ, կարծում է, որ իրեն օգտագործել են, մասնավորապես՝ ԲՀԿ-ն օգտագործել է իր անունը՝ որպես խայծ, ինչը անբարոյականություն է: «Ես որքան ճիշտ արեցի, որ դրեցի մանդատը: Քաղաքագետների միության վարչությունն իր անհամաձայնությունն է հայտնել, վարչությունում բոլոր անխտիր անկուսակցականներ էին եւ նրանք հիացած չէին իմ մասնակցությունից ընտրություններին»,- ասաց քաղաքագետը:

Հմայակ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ինքը չի կարող ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա եւ քաղաքագետի համար նա Նաիրի Հունանյանից չի տարբերվում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ