News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` հուլիսի 24-ին, ընդունել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ռեիսին: Նախարարը շնորհավորել է դեսպան Ռեիսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատվաբեր եւ պարտավորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրյա նվիրում` հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը:

Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության եւ գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով եւ հույս հայտնել, որ կրթության ոլորտում երկու երկրների միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական եւ ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում` հաշվի առնելով մի շարք ահազանգեր:

Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը` ընդծելով երկու երկրների հազարամյա պատմության ընթացքում ձեռք բերված բարձր մշակութային եւ քաղաքակրթական նմանությունները, եւ վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ մի շարք այլ խնդիրներ, այդ թվում` գիտխորհուրդների, բուհական եւ հետբուհական կրթության հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ