News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամադ Ռեյիսին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել դատապարտյալների հանձնման հարցում Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշման համար, միեւնույն ժամանակ, նա  խնդրել է այս պահին Հայաստանում պատիժ կրող Իրանի քաղաքացիների ցանկը: Մոհամադ Ռեյիսին հույս է հայտնել, որ մեր երկրի կողմից պարբերաբար ցուցաբերվող բարի կամքի դրսեւորումը իրանցի դատապարտյալներին հայրենիք վերադարձնելու գործում շարունակական կլինի: Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դատապարտյալների փոխանցման մասին» բանակցային փուլերն անցած եւ առաջիկայում կնքվելիք համաձայնագրին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ դեռ 2006-ից գործում են Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական համագործակցության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ հանձնման մասին» համաձայնագրերը:

Դեսպանը կարեւորել է, որ մեր ժողովուրդներն իրար հանդեպ խորթություն չեն զգում, եւ որ Իրանի հայ համայնքը մեծ հարգանք է վայելում: Ունենալով բազում հայ ընկերներ՝ նորանշանակ դեսպանն այսօր ափսոսում է, որ ժամանակին ընկերներից չի սովորել հայերենը:

ՀՀ արդարադատության նախարարը նշել է` վստահ է, որ մեր երկրների միջեւ անլուծելի խնդիրներ չեն լինի: «Վստահ եմ, որ միշտ երկողմմանի շահեկան լուծումներ կարող ենք գտնել»,- ավելացրել է նախարարը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունն այդ ուղղությամբ նոր էջ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ