News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է բացառի անդամությունը աշխարհաքաղաքական Եվրասիական միությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Եվրոպական շարժում» կազմակերպության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանը` մեկնաբանելով ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի այն հայտարարությունը, թե «Հայաստանի իշխանություններն ուշադիր հետեւում են Եվրասիական ծրագրի զարգացմանը` ձգտելով որոշել այնտեղ իր տեղը` հասկանալով, որ դա հեռանկարային ուդղություն է:

Ենգիբարյանը Նարիշկինի հայտարարությունը բացասաբար գնահատեց` ընդգծելով, որ դա դիվանագիտական նորմերի խախտում է, երբ մի երկրի իշխանության ներկայացուցիչը խոսում է մեկ այլ երկրի իշխանության անունից: Զրուցակիցն ընդգծեց, որ այսօր Հայաստանի կողմից ստանձնված կուրսը անհամատեղելի է Ռուսաստանի կողմից առաջարկված ուղղության հետ:

«Եթե Հայաստանը դեպի Եվրոպա կուրս է վերցրել, ապա միաժամանակ Եվրասիական միության անդամակցությունը պարզապես անհնարին է: Հայաստանի կառավարությունը հստակ հայտարարել է, որ քանի որ Ռուսաստանի հետ սահման չունենք, մաքսային միությանն անդամակցությունը, որը Եվրասիական միության մաս է, անհնարին է: Այդ դիրքորոշումից պետք է հեռու մնալ»,-հայտարարեց զրուցակիցը:

Բացի այդ, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը, որի ստեղծման հեռանկարը շատ մշուշոտ է, պարզապես հակասում է ԵՄ հետ ասոցացման համաձայնագրին, որի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Նշենք, որ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հուլիսի 23 –ին  հայտարարել է, որ  Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ընթացքում  քննարկվել են Հայաստան- ԵվրԱզԷՍ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ