News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ապահովագրական շուկայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ հուլիսի 27-ին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Նաիրի Ինշուրանս»-ի հետ կնքեց պայմանագիր, ըստ որի, կոմբինատի 3 500 աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին կտրամադրվի առողջապահական ծառայությունների ամենալայն սպեկտրի ծածկույթ։ NEWS.am-ը բժշկական ապահովագրության, դրա լայնորեն կիրառման դեպքում առողջապահական եւ սոցիալական ոլորտում հնարավոր փոփոխությունների մասին հարցազրույց է վերցրել «Նաիրի Ինշուրանս»-ի անձնական պահանջների կարգավորման վարչության պետ, բժիշկ Արմեն Շահինյանից, որը ներկայացնում ենք ընթերցողին։

Հայաստանում ինչքանո՞վ է անհրաժեշտ առողջության ապահովագրությունը, արդյոք կա՞ դրա պահանջարկը, ժամանա՞կն է կիրառել այն, թե արդեն նույնիսկ հապաղել ենք այս հարցում։

Առողջության ապահովագրության պահանջը միշտ առկա է եղել եւ աստիճանաբար ընդլայնվելու է, որին նպաստում է ապահովագրության մասին բավարար գիտակցության աստիճանը, ինչպես նաեւ որոշ ապահովագրատեսակների պարտադիր կիրառությունը:

Առողջության ապահովագրության պահանջի առաջացման վրա ազդում է նաեւ այսօրվա հանրության սոցիալական վիճակի եւ բուժհաստատությունների կողմից կիրառվող ծառայությունների գնային քաղաքականության ոչ համահունչ լինելը:

Այսինքն` առողջապահությունը հասանելի չէ, կամ քի՞չ հասանելի է մարդկանց:

Այս պահին այն հասանելի է քիչ չափով եւ խիստ անհրաժեշտության դեպքերում: Բայց ապահովագրության լայնորեն կիրառման դեպքում հնարավորություն է ստեղծվում ժամանակին կազմակերպել ստուգման, բուժման, կանխարգելման համապատասխան միջոցներ, որի արդյունքում չեն կուտակվի առողջական խնդիրները: Ես որպես երկար տարիների փորձ ունեցող բժիշկ՝ բազմիցս ականատես եմ եղել, որ մարդիկ սրտի վիրահատության համար դիմել են ծայրահեղ միջոցների (օրինակ՝ վաճառել են բնակարանը)։ Նշված ծայրահեղ վիճակը հնարավություն է ստեղծել շրջանցելու օրինակ քաղծառայողներին, նրանով, որ տվյալ անձինք սոցիալական փաթեթի շրջանակներում ունեն առողջության պարտադիր ապահովագրությունը, ինչը արդեն դրական տեղաշարժ է գործատուի՝ ՀՀ կառավարության կողմից:  Նշված առողջության պարտադիր ապահովագրությունը կնպաստի նաեւ առողջության կամավոր ապահովագրության զարգացմանը՝ հաշվի առնելով նաեւ գործատուների մոտ լայն տարածում գտած սոցիալական պատասխանատվության ռազմավարության կիրառումը: 

Այս դաշտում ինչպիսի՞ն է օրենսդրական վիճակը:

Օրենսդրական դաշտը կարգավորվում է տարբեր օրենքներով եւ այլ նորմատիվ ակտերով, որոնց կիրառությունը եւ վերահսկողությունը կատարվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Այս պահին այն գտնվում է բարելավման եւ զարգացման փուլում:

Ինչո՞ւ որոշեցիք հենց Քաջարանում մեկնարկել առողջության ապահովագրությունը:

«Նաիրի Ինշուրանս»-ն արդեն մատուցում է առողջության ապահովագրության ծառայություններ: 2012թ-ին մեկնարկած պետական ծառայողների առողջոթյան պարտադիր ապահովագրության ծրագիրը խթան հանդիսացավ առողջության ապահովագրության ներդրմանը գործատուների մոտ: «Նաիրի Ինշուրանս»-ը առողջության կամավոր ապահովագրության համագործակցության նպատակով մասնակցում է տարբեր մրցույթների եւ վարում է բանակցություններ տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ: Քաջարանում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահանջը վերաբերվում էր ինչպես աշխատակիցների, այնպես էլ վերջիններիս ընտանիքի անդամների առողջության ապահովագրություն լայն ծածկույթ ունեցող փաթեթին: Գիտակցելով պահանջի կարեւորությունը՝ «Նաիրի Ինշուրանս»-ն առաջարկեց համագործակցության այնպիսի լիարժեք եւ իրենց խնդիրները բավարարող փաթեթ, որը կոմբինատի կողմից ընտրվեց որպես լավագույն: Կոմբինատի ղեկավարության եւ յուրաքանչյուր պահանջ ունեցող անձի հետ մենք պահելու ենք ինտերակտիվ կապ, որպեսզի նրանց կողմից բարձրացված առողջական հարցերը ստանան ժամանակին ճիշտ վայրում լիարժեք լուծում: Կնքված պայմանագրի հիմքում ընկած է մեծ սոցիալական հարց՝ կոմբինատի ամբողջ անձնակազմի եւ նրանց ընտանիքի անդամների՝ մի ամբողջ քաղաքի բնակիչների առողջության խնդիրը, որը Նաիրի Ինշուրանսը վերցնում է իր վրա:

Այսինքն մարդիկ էլ չե՞ն տեսնի բուժհաստատությունում դժգոհ հայացքներ եւ ոչ նորմալ մոտեցում։

«Նաիրի Ինշուրանս»-ում առողջության ապահովագրության պայմանագրերի շրջանակներում ապահովագրված անձինք օգտվում են մեր բժիշկ-փորձագետների 24-ժամյա խորհրդատվությունից, ովքեր, ծանոթանալով ներկայացված գանգատներին, նրանց ուղղորդում է ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գործող ցանկացած բժշկական հաստատություն՝ բուժսպասարկում ստանալու: Ապահովագրված անձինք բուժսպասարկում ստանալու ողջ ընթացքում գտնվում են  բժիշկ-փորձագետի  ուշադրության ներքո: Մեր հաճախորդներին ընդունում են հավուր պատշաճի, մատուցում անհրաժեշտ ծառայություններ:

Ի՞նչ միջոցներ կձեռնարկե՞ք, եթե նման դեպքեր արձանագրվեն:

Մենք ունենք մեծ քանակությամբ բուժհաստատությունների հետ համագործակցության պայմանագրեր, որտեղ ներառված է պատշաճ սպասարկման պահանջները: Հաճախորդի կողմից յուրաքանչյուր դժգոհության դեպք ենթակա է  քննարկման, որը քննարկվում է բուժհաստատության հետ: Հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր բուժհաստատության շահերից չի բխում նման դեպքերի քննարկման մասնակցությունը, որը կարող է հանգեցնել համագործակցության դադարեցմանը:

Նախապես հետազոտե՞լ եք քաջարանցիների առողջական վիճակը:

Հիմնականում կամավոր առողջության ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրված անձինք անցնում են նախնական բժշկական զննություն, որի ժամանակ ի հայտ եկած բոլոր վիճակները գրանցվում են եւ չեն համարվում հետագայում սպասարկման եւ դրանց հետ կապված ծախսերը՝ վճարման ենթակա: Սյս ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ «Նաիրի Ինշուրանս»-ը ստանձնել է բոլոր առկա առողջական վիճակների հետագա բուժման հետ կապված սպասարկումը եւ դրա վճարումը: Այս որակի սպասարկումը հանդիսացել է «Նաիրի Ինշուրանս»-ի եւ կոմբինատի համագործակցության հիմնասյուն, որը հանդիսանում է սոցիալական խնդրի լուծման մի տեսակ:

Ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանում բժշկական ապահովագրությունը պարտադիր պետք է լինի։ Արտասահմանում նման փորձեր կան, նույնիսկ քաղաքական քննարկման հարց է:

Այս պահին դժվարանում եմ հստակ պատասխան տալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում կա այդ ոլորտի մասնագետների խիստ դիֆիցիտ: Մենք դժվար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի կիրառենք որեւէ եվրոպական երկրի գործող մոդել: Իմ կարծիքով այս նպատակային ծրագիրը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ մեր երկրում զարգանա ապացուցողական բժշկությունը եւ բժշկության բոլոր բնագավառներում ստեղծվեն համապատասխան ալգորիթմներ:

Իմ պատկերացմամբ պարտադիր առողջության ապահովագրության միջոցները կձեւավորվեն գործատուի եւ աշխատողի համատեղ վճարումներից: Այս համակարգն աստիճանաբար հնարավորություն կտա օրինականացնել եւ կառավարելի դարձնել այսօր անմիջականորեն բնակչության կողմից կատարվող ուղղակի եւ անուղղակի բժշկական ծախսերը՝ բարձրացնելով դրանց օգտագործման արդյունավետությունը եւ կարգավորելով այդ գործընթացը:

Իմ կարծիքով պարտադիր առողջության ապահովագրության համակարգի ներդրումը կիրականացվի փուլային եղանակով՝ աստիճանաբար ընդգրկելով հանրության տարբեր շերտեր եւ սոցիալական խմբեր:

Ապագային միտված հարց եմ ցանկանում տալ։

Այնուամենայնիվ, եթե Հայաստանում ձեւավորվի բժշկական ապահովագրության մշակույթը, ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել։

Անկախ որեւիցե փոփոխության պարտադիր եւ կամավոր առողջության ապահովագրության ներդրումն արդեն իսկ ձեւավորել է առողջության ապահովագրության մշակույթ: Ապահովագրված անձանց քանակի եւ նրանց պահանջների ավելացման հետ մեկ տեղ այդ մշակույթը որակային առումով կզարգանա՝ ձգտելով ապահովագրված անձանց որակյալ ծառայությունների ապահովման կատարելությանը:  Բնականաբար ծավալի ավելացումը բերում է ապահովագրական ընկերությունների խոշորացմանը, իր հետ բերելով ռիսկերի զսպման եւ կանոնակարգվածության նոր մեխանիզմներ:

Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում հիվանդանոցները մասնակի կամ ամբողջապես պատկանեն ապահովագրական ընկերությանը:

Աշխարհում նման պրակտիկան շատ տարածված է: Իսկ թե ապագայում ինչ զարգացումներ կլինեն, կախված է ներկայիս բուժհաստատությունների դրսեւորումներից:

Հայաստանում արդյոք ձեւավորվե՞լ է կորպորատիվ պատասխանատվությունը աշխատակիցների նկատմամբ։

ՀՀ-ում մինչ օրս առողջության ապահովագրության մեծ մասն իրականացվում է կորպորատիվ մակարդակով՝ գործատուի կողմից կամ գործատուի եւ աշխատակցի համատեղ մասնակցությամբ: Ցանկացած պատասխանատու գործատու աշխատակիցների մոտիվացման մոդելներից մեկն է համարում աշխատակիցների նկատմամբ  կորպորատիվ  պատասխանատվության համակարգի ներդրումը: «Նաիրի Ինշուրանս»-ի եւ Զանգեզուրի ՊՄԿ-ի միձեւ կնքված առողջության ապահովագրության պայմանագիրը դրա վառ օրինակն է, որին պետք է հետեւեն նաեւ այլ գործատուներ, քանզի նման դեպքերն են ստեղծելու նախապայման եւ հիմք՝ մեր երկրում պարտադիր առողջության ապահովագրության ներդրմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ