News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքով Ատրպատականի հայ համայնքը մարդկային եւ նյութական վնասներ չի կրել: Այդ մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայ Առաքելական եկեղեցու Ատրպատականի թեմից:

Երկրակեղեւի ցնցման պահին Ատրպատականի Թեմի առաջնորդ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանը գտնվում էր Ազգային Գերեզմանոցի Ս. Շողակաթ եկեղեցում, որտեղ ես եկեղեցու ներքին ծեփերի ճաքեր նկատվեցին: Երկրաշարժի հետեւանքով, Ազգային Առաջնորդարանի քանդակազարդ ճակատը զարդարող մեծադիր խաչը  փոքր ինչ տեղաշարժվել է:

Հայր Սուրբը կապ հաստատելով Թավրիզի, Ուրմիայի, Գյարդապադի եւ այլ շրջանների հայ համայնքի պատասխանատուների հետ`տեղեկացել է համայնքի իրավիճակի մասին:

Ատրպատականի Ազգային Առաջնորդարանից հայտնում են, որ երկրաշարժից քիչ անց, Առաջնորդ  Հայր Սուրբի հետ կապ են հաստատել պետական պատասխանատուներ, ինչպես նաեւ Իրանի Իսլամական Խորհրդարանում Հյուսիսային Իրանահայութեան պատգամավոր Կարեն Խանլարյանը, Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, հետաքրքրվելով երկրաշարժի պատճառած վնասներով:

Երկրաշարժին հաջորդող օրը Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանն այցելել է Թավրիզի գործող չորս եկեղեցիները, հետաքրքրվելու նրանց հասցված հնարավոր վնասներով:

Մարալանի Ս. Աստվածածին պատմական մատուռը անցնող տասնամեակներին հիմնովին վերանորոգված լինելով, երկրաշարժից չէր տուժել: Ազգային Գերեզմանոցի Ս. Շողակաթ եկեղեցին, աշխարհագրականորեն ավելի մոտ լինելով երկրաշարժի կենտրոնին, գավիթի աջ կամարի վրայ թեթեւ ճաք էր առաջացել, որը դարձյալ մասնավոր վտանգ չի ներկայացնում նրա ընդհանուր կառույցի ապահովությանը:

Բերդաթաղի «Ղալա» Ս. Աստվածածին պատմական Մայր Եկեղեցին, ինչպես նաեւ «Լիլավայի» Ս. Սարգիս  ծխական պատմակն եկեղեցին, հարակից դպրոցի դարավոր շենքով, մնացել էին անվնաս, բացի ներկերի վրա երեւացող աննշան հետքերից: Բերդաթաղի «Արամեան» ազգային շենքի բնակարաններից որոշներում, ինչպես նաեւ Մայր Եկեղեցու շրջափակում գտնվող Առաջնորդարանի հյուրանոցում, դարձյալ աննշան ճաքեր են ի հայտ եկել: Նունպիսի ճաք հայտնվել է նաեւ Ազգային Առաջնորդարանում:

Ընդառաջելով Առաջնորդի եւ Թեմական Խորհրդի մարդասիրական կոչին, հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց նյութական օժանդակություն են ցուցաբերել երկրաշարժից տուժածներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ