News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը պարզաբանումներ է ներկայացրել «Զվարթնոց» օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ սիրիահայերի ութ հոգանոց ընտանիքին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, սիրիահայերի մի ընտանիքի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան եւ պատրաստվում են արտաքսել Թուրքիա, որտեղից նրանք ժամանել են: Ըստ ահազանգի, սիրիահայերի ութ հոգանոց ընտանիքը` տատը, երկու դուստրերը եւ հինգ թոռները, արդեն մեկ օր է` օդանավակայանի, այսպես կոչված, ստերիլ գոտում են` թռիչքի պատրաստվող ուղեւորների համար նախատեսված փակ տարածքում: Ահազանգողի խոսքով, սիրիահայերի ընտանիքին սահմանապահները մուտքի թույլտվություն չեն տվել, քանի որ երեխաներն արաբական ազգանուններով են, նրանց հայրերը քրիստոնյա արաբներ են:

Հայաստանի ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ եւ հյուպատոսական հիմնարկներ եւ միայն նշված օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված հրավերի հիման վրա: ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարությունը 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշմամբ սահմանել է ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված պետությունների` ազգությամբ հայ քաղաքացիները եւ ճամփորդական փաստաթղթեր ունեցող` ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա  ստանալու համար ներկայացնում են նաեւ հետեւյալ փաստաթղթերից մեկը`

ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ,

բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայական,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից:

Հայաստանի Հանրապետություն ժամանած  Սիրիայի 9 քաղաքացիներ չեն ներկայացրել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող որեւէ փաստաթուղթ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ