News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական իշխանությունների քայլն առնվազն տարակուսանք եւ վրդովմունք է առաջացնում: Այդ մասին հայտարարել է Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս խոսքով, պարզ էր, թե Ադրբեջանում ինչ էր սպասվելու այդ մարդասպանին: «Իսկ ինչ վերաբերում է նրան ներում շնորհելու Ալիեւի որոշմանը, ապա այս քայլը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվում եւ խրախուսվում է հայատյացության եւ ֆաշիզմի քաղաքականություն: Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա եւ դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»,-ասել է Շարմազանովը:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, վկայակոչելով ադրբեջանական Vesti.Az կայքը ,Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջան: Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն ներում է շնորհել մարդասպանին: Սաֆարովի էքստրադիցիայի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ Միլլի Մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Օսմանլին:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հրոսակը հայ սպային սպանել էր կացնով:

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունք: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ