News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրեց ԱԺ հայտարարությունը` 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ: Այս մասին ԱԺ-ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):

Ներկայացնելուց հետո մի շարք պատգամավորներ հանդես եկան առաջարկություններով: Մասնավորապես` ՀՅԴ խմբակցությունից Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով նախագծին, ասաց, թե «ինչո՞ւ մենք երբեք չենք անդրադարձել նրան, որ Հունգարիան չի ապահովել Գուրգեն Մարգարյանի անվտանգությունը եւ հիմա ենք նոր հիշում»: Ի պատասխան` Արտակ Զաքարյանը նշեց, որ ժամանակին այդ մասին  չի բարձրաձայնվել, քանի որ հունգարական դատարանը արժանի վճիռ էր կայացրել Ռամիլ Սաֆարովի նկատմամբ: Անդրադառնալով ձեւակերպմանը, թե գործարք է տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ, Վահան Հովհաննիսյանը առարկեց, որ գործարք ձեւակերպումը անընդունելի է, քանի որ այս պահի դրությամբ որեւէ փաստ չկա. որ գործարքը կայացել է, հետեւաբար պետք է նշել ավելի մեղմ ձեւակերպում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը առաջարկեց, որ նախագծում եւս  մեկ դրույթ ավելանա, որ Ազգային ժողովը համերաշխություն է մաղթում Գուրգեն Մարգարյանի ընտանիքին եւ նաեւ նշվի, որ Ադրբեջանը խախտում է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների տարիների ընթացքում արած կոչերը: Արտաշես Գեղամյանը նաեւ առաջարկեց, որ միջազգային կառույցների կողմից սառեցվեն  այն ադրբեջանցի պաշտոնյանների ֆինանսական ակտիվները, ովքեր նպաստել են Ռամիլ Սաֆարովի արտահանձմանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պահանջեց պարզաբանումներ, թե ինչու հայտարարությունում չի ներառվել այն դրույթը, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նրա հարցին ի պատասխան` Արտակ Զաքարյանը նշեց, որ  այդ թեման որքան էլ առնչվում է Ռամիլ-Սաֆարով-Գուրգեն Մարգարյան միջադեպին, այնուամենայնիվ, օրակարգի հարց չէ եւ այդ նախագածի շրջանառության մեջ դնելու կապակցությամբ` խմբակցությունները առաջիկայում հանդես կգան հայտարարություններով:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ  առաջարկեց, որ անպայման նախագծում նշվի, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Պատգամավորը նաեւ առաջարկում է պահանջով դիմել ՆԱՏՕ-ին, որ քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: Բացի այդ`  նա կոչ է անում, որ վերջին իրադարձությունների համատեքստում Հայաստանը Թուրքիայի հետ արաձանգրություններից հետ կանչի իր ստորագրությունները, քանի որ այս ամենի հետեւում կանգնած է Թուրքիան` իր ֆինանսական եւ դիվանագիտական հնարավորություններով:

Ավելի վաղ Հայաստանի Ազգային Ժողովն այսօր` սեպտեմբերի 5-ին արտահերթ նստաշրջան է գումարել` քննարկելու ԱԺ հայտարարությունը 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ստորագրել էր որոշում, ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թվականի սեպտեմբերի 5-ին ժամը 12.00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ