News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի սողանքավտանգ Ներքին Ծաղկավան համայնքում փլուզումները շարունակվում են, դեռ մեկ տարի առաջ՝ ապրիլի 13-ին փլուզվել էր գյուղի գլխավոր ճանապարհը, հիմա էլ սողանքները շարունակվում են, գյուղի ճանապարհների վրա առաջացել են հսկա ճաքեր, որոնք տեղումների ժամանակ ավելի են մեծանում:  Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչների խոսքով փլուզումները  կշարունակվեն դեռ այնքան ժամանակ, մինչ պատկան մարմինները չձեռնարկեն կոնկրետ գործողություններ:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում Ներքին Ծաղկավան համայնքում հերթական փլուզումն է տեղի ունեցել, փլվել է Օսան Վարդանյանին պատկանող երկհարկանի առանձնատան մի մասը, մյուս մասն էլ ցանկացած պահի կարող է փլվել, քանի որ տան պատերն ամբողջությամբ խարխլվել են, իսկ տունը գտնվում է անմիջապես սողանքային ճանապարհին եվ փլման դեպքում լուրջ վտանգներ կլինեն: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում մարզային փրկարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը ներկայացնելով կատարվածը նշեց, որ չնայած տունը կառուցված է նախորդ դարի 30-ական թվականներին, սակայն փլման մեջ իր դերն ունի նաեվ սողանքային գոտին. «Այդ տունը վտանգ է ներկայացնում  շրջապատի համար, ճանապարհի վրա կան ճաքեր, տունը գտնվում է սողանքային գոտում, ու կիսափլված տան պատերը կախված են դեպի գյուղի կարեվոր ճանապարհի վրա, որը նաեվ դպրոց տանող  ճանապարհն է»: Ըստ Վաղինակ Հովսեփյանի, առաջին հերթին պետք է տունը փլեցվի: Այժմ տարածքը փակված է անվտանգության ժապավենով, ինչը սակայն դեռ խնդրից ազատվել չէ: Նշված տան փլուզումը Ծաղկավանի բնակիչների համար նորություն չէ, դեռ նախորդ տարի ապրիլի 13-ին փլուզվել էր գյուղի գլխավոր ճանապարհը, ճանապարհի հոսքը դեպի ներքեվ շարունակվում է մինչ այս պահը:

Ներքին Ծաղկավանի գյուղապետը եւս փաստում է, որ փլված տունը գտնվում է սողանքային ակտիվ գոտում. «Նույն այդ տանը կից անցնող ճանապարհը փլուզման եզրին է գտնվում, կան մեծ ճաքեր, որոնք էլ գումարվեցին իրար ու փլուզումը տեղի ունեցավ»: Նույն այդ ճանապարհը այս պահի դրությամբ ահ ու սարսափի մեջ է պահում գյուղի բնակիչներին: Երեխաներին դպրոց ճանապարհող ծնողները մեզ հետ զրույցում դժգոհեցին, որ իրենք իրենց առօրյա հոգսը թողած, ամեն առավոտ ստիպված են երեխաներին դպրոց տանել ու գնալ բերել տուն: Դպրոցի ճանապարհը երկու տեղից փլված է, ամեն վայրկյան կարա փլվի, ու էդ երեխեքն էլ հետը գնան, վերաջապես ինչքան կարելի է մեր գյուղը անուշադրության մատնել, վերջ ի վերջո կյանքերի հետ գործ ունենք»:

Գյուղապետ Նաիրի Աթաբեկյանի վստահեցմամբ` գլխավոր ճանապարհի հետ կապված, որը փլուզվել էր դեռ նախորդ տարի,  միայն շրջանցիկ ճանապարհի նախագիծն է պատրաստ, իսկ թե երբ խնդիրը կլուծվի եվ բնակիչները կկարողանան անվտանգ շրջել գյուղում, գյուղապետը չի կարողանում հստակ ասել: Մինչդեռ Ներքին Ծաղկավան համայնքի բնակիչները մտավախություն ունեն, որ ինչպես դեռ մախորդ տարի փլուզված ճանապարհն է անուշադրության մատնվել այս մեկ ու կես տարվա ընթացքում, այնպես էլ այս խնդիրը կմատնվի:

Հ.Գ. Այսօր՝ սեպտեմբերի 14-ին տեղեկացանք, որ Ներքին Ծաղկավան համայնքի գյուղապետի, բնակչության և փրկարար ծառայության ջանքերով տունը փլեցվել է, այդ կերպ կանխելով տան փլուզման հետագա ընթացքը, սակայն սողանքավտանգ ճանապարհը շարունակում է օր օրի հոսել ներքև՝ ահ ու սարսափի մեջ պահելով ողջ գյուղը:

 

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները եվ տեսանյութը՝ հեղինակի

Տպել
Ամենաշատ