News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում այսօր` սեպտմբերի 23-ին կայացավ ցույց` ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի։ Ախալքալաքի կենտրոնական` Մաշտոցի հրապարակում հավաքված հարյուրավոր ջավախքահայեր դատապարտեցին Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները և պահանջեցին ազատ արձակել Վահագն Չախալյանին։

Ցույցի նախաձեռնող` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամները հայտարարեցին, որ իշխանություններից դրական արձագանքի բացակայության դեպքում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի միջոցառումները շարունակվելու են։

Ցույցի վերջում ընդունվեց կոչ` ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը ներկայացնում ենք ստորև.

«Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին ազատ արձակելու ջավախահայության կոչը` Վրաստանի նախագահ Սիխեիլ Սաակաշվիլիին

Ջավախքի հայ բնակչությունը, խստորեն դատապարտելով Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքի փաստերը, իր ձայնն է բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Վահագն Չախալյանը գտնվում է բանտում:

Ձերբակալվելով 2008թ. հուլիսի 21-ին՝ նա  խայտառակ խախտումներով ուղեկցվող դատավարության արդյունքում 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: 

Ջավախքի հայ բնակչությունը խորապես համոզված է, որ Վահագն Չախալյանի դեմ առաջ քաշած բոլոր մեղադրանքները անհիմն և շինծու են, նրա դեմ դատավճիռը՝ անարդար: Վահագն Չախալյանը այսօր բանտում է գտնվում բացառապես այն բանի համար, որ հետևողականորեն իր ձայնն էր բարձրացնում ի պաշտպանություն ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական և կրոնական օրինական իրավունքների:

Վահագն Չախալյանի դեմ այս աղաղակող անարդարությունը և նրա բանտում գտնվելը Ջավախքի հայ բնակչության շրջանում օր-օրի խորացնում է Վրաստանի պետական մարմինների նկատմամբ անվստահության, վրդովմունքի և դժգոհության տրամադրությունները։

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Ջավախքի հայ բնակչությունը կոչ է անում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դրսևորել բարի կամք և անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին:

Միայն այս քայլով Վրաստանի իշխանությունները կարող են գործնականում ցույց տալ Վրաստանի ազգությամբ հայ իրենց քաղաքացիներին, որ իրապես մտահոգված են երկրում օրինականության և արդարադատության հաստատման խնդրով և վճռակամ են ուղղելու անցյալում տեղ գտած սխալները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ