News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնեական Միասնության Պապական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխին` ուղեկցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն  Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ, ողջունելով կարդինալ Կոխի ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետը բարձր գնահատեց Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական հարաբերություններն ու համագործակցության ոգին: Նորին Սրբությունը նշեց, որ նման այցելությունները ոչ միայն ուրախություն են բերում հայ ժողովրդի զավակներին, այլեւ զորացնում նրանց հավատքը, քանի որ հավատացյալ հայորդիներն ականատես են լինում սիրո այն ջերմ մթնոլորտին, որ առկա է երկու Եկեղեցիների միջեւ:

Իր հերթին կարդինալ Կոխը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայաստան այցելելու հրավերի եւ ջերմ բարեմաղթանքների համար` ուրախությամբ  նշելով, որ  իր համար մեծ պատիվ է գտնվել մի երկրում, որտեղ քրիստոնեությունն առաջինն է ընդունվել որպես պետական կրոն, որն ունի քրիստոնեական խորը արմատներ ու հարուստ մշակույթ եւ որտեղ ժողովուրդը, հակառակ բազմաթիվ փորձությունների ու զրկանքների, մինչեւ այսօր անսասան պահպանել է քրիստոնեության հանդեպ իր հավատարմությունը:

Զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց խորհրդային վարչակարգի տարիներին Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած դժվարություններին ու խոչընդոտներին, անկախ պետականության պայմաններում հոգեւոր կյանքի զարթոնքին եւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու  առաջընթացին ու արձանագրած ձեռքբերումներին: Նորին Սրբությունը կարդինալ Կոխին ներկայացրեց նաեւ Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը տարբեր ոլորտներում` գոհունակությամբ ընդգծելով, որ Կաթոլիկ Քույր Եկեղեցու աջակցությամբ Մայր Աթոռի մի շարք միաբաններ իրենց հոգեւոր կրթությունը շարունակել են տարբեր երկրների կաթոլիկ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե աբեղա Անանյանը, Ծիսական հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա աբեղա Բաղումյանը,  Անդրկովկասում պապական նվիրակ Մարեկ արքեպիսկոպոս Սոլչինսկին, Քրիստոնեության Միասնության Աջակցության պապական խորհրդի քարտուղար Հայր Գաբրիել Քուիկը եւ պապական նվիրակի օգնական Հայր Մանա Ժոզեֆ Մարամերեդդին:

Հանդիպումից հետո կարդինալ Կուրտ Կոխի գլխավորած պատվիրակությունը Մայր Տաճարում մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ