News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պիտբուլ ցեղատեսակի շան` Արարատի մարզի Նորաբաց գյուղի 1-ին փողոցի թիվ 55 տան բնակիչների վրա հարձակվելու հետեւանքով հարս եւ սկեսուր հայտնվել են «Սբ.Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա նշեց, որ 44-ամյա Ռուզան Գրիգորյանի առողջական վիճակը շատ ավելի ծանր է, քան հարսինը` 29-ամյա Ռաիսա Գրիգորյանինը:

«44-ամյա Ռուզան Գրիգորյանի մոտ լուրջ տրավմա էր` ոտքի երկու ոսկորների բաց կոտրվածքով, անոթների վնասումով, բազմաթիվ պատռված վերքեր մարմնի վրա, մեծ վիրահատություն է արվել, անոթներ են վիրահատվել, ոսկորների ֆիկսացիա է արվել, հակառակ դեպքում` ամպուտացիա պետք է արվեր»,- ասաց նա:

Հարսի վիճակը ավելի լավ է: Նիկոլայ Դալլաքյանը իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ հայ ագզը չի հասկանում, որ շուն պահելը մի մարդ պահելուց ավելի թանկ է եւ պատասխանատու:

Իսկ Նորաբացի գյուղապետ Գալուստ Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ պիտբուլ շունը պատկանում է հենց Գրիգորյանների ընտանիքին: «Իրենց շունն է, կապած տեղից բաց է ընկել եւ անակնկալ հարձակվել է տան տերերի վրա»,- ասաց նա:

Ընտանիքի ամուսինը Հայաստանում չէ, արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, հարսը, սկեսուրը եւ թռոը ապրում են միասին, միջին ապրելակերպի մարդիկ են, «ոչ շատ հարուստ, ոչ էլ աղքատ, յոլա են գնում»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 1-ին փողոցի թիվ 55 տան բնակիչների վրա կատաղած շուն է հարձակվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակում է գործել թիվ 55 տան բնակիչներ` 29-ամյա Ռաիսա Գրիգորյանի եւ 44-ամյա Ռուզան Գրիգորյանի վրա, ինչից տուժածները հոսպիտալացվել են «Սբ.Աստվածամայր» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ