News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում Կանզասի պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական» կենտրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի ականազերծման հրահանգիչների համար անցկացվող վարժանքի վայր, ամերիկյան շարժական դաշտային հոսպիտալի բացազատմամբ անցկացվող զորավարժության վայր: Նշված այցերի ընթացքում Կանզասի պատվիրակությունը դիտարկեց Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման հրահանգիչների վարժանքը, ինչպես նաեւ ներկա գտնվեց շարժական դաշտային հոսպիտալի զորավարժության վերջնական փուլին:

Ականազերծման վարժանքի ընթացքում ներկաներին ցուցադրվեց ականադաշտի մաքրման աշխատանքների կազմակերպման տարրեր: Բժշկական զորավարժության ընթացքում ցուցադրվեցին շարժական դաշտային հոսպիտալի բուժանձնակազմի կողմից մարտադաշտում վիրավորվածներին առաջին օգնության ցուցաբերման եւ օդային տարհանման տարրեր: Բժշկական զորավարժությանը մասնակցում էին նաեւ Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը եւ կարեւորեց համագործակցության զարգացումը ականազերծման, ռազմաբժշկական կարողությունների զարգացման, ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացում փորձագիտախորհրդատվական աջակցության տրամադրման եւ այլ ուղղություններով:

Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը, անդրադառնալով Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը, բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների հետ անցկացված վարժանքների ընթացքում հայ զինծառայողների պատրաստության եւ փոխգործակցելիության մակարդակը: Կողմերը կարեւորեցին նաեւ 2013թ.-ին Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության 10-ամյակը նշելու անհրաժեշտությունը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը եւ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ելնելով համագործակցության ներկայիս մակարդակից, ինչը թույլ է տալիս ներկայումս իրականացնել Հայաստան-Կանզաս համագործակցության երկարատեւ պլանավորում, այցի ընթացքում մշակվելու է Հայաստան-Կանզաս 5-ամյա համագործակցության պլան:

ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում Կանզասը հանդիսանում է Հայաստանի գործընկեր նահանգը 2003թ.-ից, որի շրջանակներում համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ Կանզասի նահանգի ազգային գվարդիայի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ