News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանգյանն ու ռեժիսոր Ատոմ Էգոյանը հայտարարություն են տարածել Վարդան Օսկանյանի դեմ քրեական հետապնդման կապակցությամբ:

Սերժ Թանգյանի հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի:

2011թ. Ջոն Հանթսմանի հիմնադրամը Սիվիլիթասի միջոցով գումար էր տրամադրել Օսկանյանին: Մինչդեռ պարոն Օսկանյանի դեմ գործողությունները ձեռնարկվեցին այն բանից հետո, երբ նա 2012թ. քաղաքականություն վերադարձավ:

Սիվիլիթաս հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրել է պարոն Օսկանյանը, հրաշալի աշխատանք է կատարել Հայաստանում, իսկ երկրից դուրս՝ դիվանագիտական գործ Հայաստանի համար:

Այն չափազանց կարեւոր է զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրի համար, որը պետք է վերջ դնի մամուլի, տնտեսության եւ պետական կառույցների նկատմամբ մենաշնորհին: Չափազանց կարեւոր է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ արտահայտել իրենց նախապատվություններն ու բողոքները՝ ազատ եւ արդար ընտրությունների միջոցով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դիտարկմամբ:

Հարյուրամյակներ շարունակ մենք եղել ենք այս կամ այն օտար երկրի լծի տակ: Եվ չնայած որպես պետություն մենք ունենք հավատարիմներ ու դաշնակիցներ եւ որպես ազգ՝ աջակցության կարիք, սակայն մեր ժողովրդավարությունն ու տնտեսությունը չպետք է զոհաբերվեն Արեւմուտքից (գլխավորապես՝ ԱՄՆ-ից) կամ Ռուսաստանից եկող ազդեցություններին:Մենք պետք է միահամուռ հաղթահարենք խորհրդային շրջանից ժառանգած տնտեսությունն ու քաղաքականությունը վերահսկելու անհեռատես այս քաղաքականությունը եւ մեր քաղաքացիներին ընձեռենք դարերի ընթացքում վաստակած կամաարտահայտության ազատությունը»:

Իսկ Ատոմ Էգոյանը, ով Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խրհրդի անդամ է, գրել է. «Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ եւ համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարեւոր կապեր եւ բերելու ժողովրդավարական բարեփոխման թանկ գաղափարներ, ազատ մեդիա մի երկիր, որը դեռ չի թոթափել խորհրդային ժամանակաշրջանի ավելի քան յոթանասուն տարիների վերահսկողությունը:

Այս գիտակցումով ես առանց վարանելու ընդունեցի Սիվիլիթասի ստեղծման գործում ներգրավվելու պարոն Օսկանյանի առաջարկը: Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է կարեւոր այս կազմակերպությունը նպաստել բաց եւ հրապարակային բանավեճին մի երկրում, որն ինձ համար թանկ է եւ որով ես հպարտ եմ: Սա է պատճառը, որ ես այսքան ցնցված եմ եւ վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ: Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար:

Հայաստանի գլխավոր դատախազին ես հորդորում եմ լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ շինծու մեղադրանքներով դատապարտելու հետեւանքները: Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետեւում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդակավարական եւ ժամանակակից երկրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ