News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքներից Սիսում գտնվող հայ հարուստ վաճառական Գրիգոր Մջրքյանի տունը թուրքական իշխանությունները վերածվել են  բուտիկ հյուրանոց-ռեստորանի (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես Սիսից (ներկայում թուրքերն այն անվանափոխել են Քոզան) հայտնում է NEWS.am-ի թղթակիցը,  Սիսի միջնաբերդի տակ, Սիսի կաթողիկոսության շենքի հարեւանությամբ վեր խոյացող եռահարկ շքեղ առանձնատունը, որի վրա գրված է «Յավերի առանձնատունը», գրավում է Սիս այցելող բոլոր զբոսաշրջիկների ուշադրությունը: NEWS.am-ի թղթակցի այցի ընթացքում ռեստորանում ճաշում էին կանադահայ ուխտավորները`Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանի գլխավորությամբ։ Ուխագնացության մասնակիցները նշեցին, որ դեպի Կիլիկիա ուխտագնացությունը կազմակերպել է հայաստանյան «Նարեկավանք տուր» ընկերությունը։

Սիսի հարուստ հայ վաճառականներից Գրիգոր Մջրքյանը 1879 թվականին կառուցում է մի շքեղ առանձնատուն, որի քարերի մի մասը բերվել է Ֆրանսիայից:  Թուրքերը Գրիգորին անվանել են նաեւ «Յավեր» ինչը թարգմանաբար նշանակում է սուրհանդակ:

1920-ին  հայերի հեռանալուց հետո Գրիգորի տունը դարձել է Օսման Թուհաֆ Փաշայի շտաբը, որից հետո այն ձեռքից ձեռք է անցել եւ հասցվել փլուզման եզրին:

2004-ին Քոզանի քաղաքապետարանը հաշվի առնելով առանձնատան դիրքը, յուրահատուկ ճարտարապետությունը, այն սկսել է վերանորոգել եւ 2008-ին վերանորոգված առաձնատունը բացվել է որպես բուտիկ հյուրանոց-ռեստորան՝ 17 հյուրանոցային համարներով եւ 200 հոգու համար նախատեսված ճաշասրահներով:

Շատ կարճ ժամանակահատվածում «Յավերի առանձնատունը»-ը դառնում է թե տեղացիների, թե զբոսաշրջիկների նախընտրած ռեստորանը եւ հյուրանոցը:

Ժամանակին, ինչպես որ Օսմանյան կայսրության գրեթե բոլոր վայրերում, Սիսում եւս հարուստ հայերի գոյությունը խիստ անհանգստացրել է թուրքերին:  Գրիգոր Մջրքյանի հանդեպ ունեցած նախանձը ստիպում է  թուրքական իշխանություններին նրան սպանելու որոշում կայացնել: Հալիլ էֆենդիի հրամանով  1917-ին երկու հոգի Գրիգորին հրավիրում են իբր ժողովի եւ տնից դուրս գալուց հետո նրան սպանում: Ականատեսները պատմում են, որ Գրիգորի մայրն այնպես էր ողբում որդու մահը, որ նրա ձայնը գիշերային լռության մեջ լսվում էր ամբողջ Սիսում:

1950-ականներին Գրիգորի որդիներից մեկը, ով ապրում էր Բեյրութում, այցելում է Սիս, հանդիպում իրենց երբեմնի հարեւանների որդիների հետ եւ բանց անտեղյակ լուսանկարվում նաեւ իր հոր սպանության հրամանը տված Հալիլ էֆենդիի որդու հետ:

Գրիգորի որդին հեռվից լուռ, ցավը սրտում նայել է իրենց տանը, նստել մեքենան եւ արցունքերն աչքերից հոսելով հեռացել: Նա Բեյրութ վերադառնալու ճանապարհին սրտի կաթված է ստացել եւ մի քանի տարի անց մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ