News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության որոշումը ճիշտ էր: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի  վարչապետ Վիլտոր Օրբանը` խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր, սոցիալիստ Լասլո Կովաչի քննադատական դիտողություններին:

Կովաչը մասնավորապես նշել էր, որ արտգործնախարարը եւ արդարադատության նախարարը դեմ են եղել այդ քայլին` պնդելով, որ մարդասպանն Ադբեջանում անհապաղ ազատություն կստանա, հաղորդում է հունգարական politics.hu-ն:

Պատասխանելով հարցին` Օրբանը հայտարարել է, որ դա ճիշտ որոշում էր եւ այն կայացվել է միջազգային իրավունքի նորմերին եւ Հունգարիայի դատական պրակտիկային համապատասխան:

 «Մենք նույնկերպ կվարվեինք, եթե հայն սպաներ ադրբեջանցուն: Հունգարիան պետք է իր շահերով առաջնորդվի, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի», - ընդգծել է նա: Իր հերթին, Լասլո Կովաչը նկատել է, որ Հունգարիան ներխուժեց Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտություն, իսկ թե ինչ շահեց, առայսօր պարզ չէ:  Ի պատասխան Օրբանը հավաստիացրել է, որ որոշումն ինչ-որ կարճաժամկետ շահով չէր պայմանավորված, սակայն հեռանկարում, վարչապետի խոսքով, այն որոշակի օգուտ կբերի. «Սպասվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռ կշարունակվի, իսկ Հունգարիային հաջողվեց դուրս գալ դրանից` հանձնելով ադրբեջանցի դատապարտյալին: Քանի դեռ նա այստեղ էր, նրա ներկայությունը շատ հակասություններ եւ բարդություններ էր հարուցում: Իրավիճակն անփոփոխ կմնար նաեւ ապագայում», -ասել է Օրբանը:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ