Հումորով ենք վերաբերվում Լեռնային Ղարաբաղ այեցելելու պատճառով Բաքվի «սեւ ցուցակում» հայտնվելուն եւ Ադրբեջան այցելելու հնարավորությունից զրկվելուն:
Այդ մասին այսօր` հոկտմեբերի 5-ին ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց
Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը, եւ ժպիտով նշեց, որ կուսակցությունը, որը նա ներկայացնում է , Շվեյցարիայում կոչում են «սեւերի կուսակցություն» եւ այժմ նա զարմացած է, որ հայտնվել է նաեւ «սեւ ցուցակում»:
«Ես Շվեյցարիայի զբոսաշրջության միության ղեկավարն եմ, սակայն ելնելով իմ տարիքից, գիտակցում եմ եւ չեմ հավակնում այցելել աշխարհի բոլոր երկրները: Եթե Ադրբեջանում ինձ ընդգրկվել են «սեւ ցուցակում», ապա շնորհակալ եմ այդ երկրի իշխանությանը, որ հեշտացրեց իմ հետագա ուղեւորությունների երթուղիներն ընտրելու գործը»,-ասել է Բյումանը:
Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի երկրորդ համանախագահ Ուելի Լոենբերգերը նշեց, որ «նույնպես վտարանդի է դարձել»` հայտնվելով Ադրբեջանի «սեւ ցուցակում»:
«Մենք գիտեինք Ադրբեջանի դիրքորոշման մասին ԼՂՀ այցելությունների հարցում: Ադրբեջանի իշխանությունները դիմել են Շվեյցարիայի ԱԳՆ, որպեսզի թույլ չտան մեր այցելությունը Ղարաբաղ: Շվեյցարիայի ԱԳՆ, ելնելով դիվանագիտական պատճառներից, համոզել էր մեզ չայցելել Արցախ, սակայն մենք որոշեցինք, այնուամենայնիվ, մեկնել ԼՂՀ: Մենք խորհրդարանականներ ենք, իսկ դիվանագետները, եթե ցանկանում են իրազեկ լինել որեւէ խնդրի, մեկնում են այնտեղ եւ ծանոթանում են խնդրին»,-ասել է Լոենբերգերը: