News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Աղավնաձորում հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` վարչապետը կարեւորել է նման հավաքի անցկացումը եւ նշել, որ այն կրելու է շարունակական բնույթ: «Դուք գտնվում եք «պատերազմի» ճակատում, ով հաղթի տեղեկատվական դաշտում, մարդկանց կարողանա ուղղորդել իր հոդվածներով, նա էլ կկառավարի ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը սուր է, ուստի կարեւոր է վեր հանել մեր ազգային խնդիրները եւ հանդես գալ համախմբված կերպով: Մեր հակառակորդը բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական ասպարեզում հաղթելու համար, իսկ մենք մեր խոսքը եւ ճշմարտությունը պարտավոր ենք հասցնել բոլորին մեր միասնական գործունեությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը համազգային խնդիրների լուծման կարեւոր օղակներից մեկն է եւ համագործակցում է բազմաթիվ համազգային կառույցների հետ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողով, որում ընդգրկված են ինչպես հասարակական եւ քաղաքական գործիչներ, այնպես էլ համազգային նշանակություն ունեցող կառույցների ներկայացուցիչներ:

Պատասխանելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին` կառավարության ղեկավարը նշել է.«Հայաստանը մեծապես կարեւորում է, որ Թուրքիայում այսօր ձեւավորվել է ազատամիտ, Հայոց ցեղասպանության փաստն ընդունող մտավորականների խավ, որը փորձում է իրականությունը ներկայացնել թուրք հասարակությանը: Թուրքիան բազմաթիվ միջազգային կառույցներում, այդ թվում ակադեմիական եւ գիտական շրջանակներում պարտադրված է լինելու ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը, ժամանակն ամեն ինչ դնելու է իր տեղը: Այդ ճշմարտությունը պետք է ոչ միայն հայ, այլեւ թուրք ժողովրդին»:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Հայաստանը չի կարող հետ նահանջել իր ճշմարիտ եւ արդար սկզբունքներից: «Մեր պայքարը պետք է շարունակենք, անկախ նրանից` Թուրքիան ինչ հակաքայլերի է դիմելու: Սա չի կարող լինել քննարկման առարկա»,- ասել է վարչապետը:

«Կալիֆորնիան կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է սիրիահայության խնդիրներին եւ առաջարկել Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը նվիրել սիրիահայությանը: Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը նշել է. «Այդպիսի հանձնարարական Հայաստանի Նախագահն արդեն տվել է: Այժմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկում ենք հարցը: Տարբեր ձեւաչափեր եւ ձեւակերպումներ կան հեռուստամարաթոնն անցկացնելու վերաբերյալ, հնարավոր է այն միաժամանակ նվիրվի եւ սիրիահայությանը, եւ Լեռնային Ղարաբաղին»:

Վարչապետն իր հիացմունքն է հայտնել սիրիահայերի նկատմամբ, ովքեր, ըստ Տիգրան Սարգսյանի, խիստ կազմակերպված են գործում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակներում պետք է ամեն ինչ անի, որպեսզի սիրիահայերը զգան իրենց նկատմամբ հոգատարությունը:

Վրացահայ լրագրողներից մեկն էլ հետաքրքրվել է հայ-վրացական հարաբերությունների  ընթացքով: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ նրանից, թե ով կլինի Վրաստանի իշխանության ղեկին, Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի երկկողմ հարաբերությունները լինեն գերազանց: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները լինեն շատ լավ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը Վրաստանում կլինի իշխանություն: Մենք հարգում ենք վրաց ժողովրդի որոշումը եւ Վրաստանի հետ պետք է կառուցենք շատ լավ հարաբերություններ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի:

Այնուհետեւ վարչապետը մրցանակներ է հանձնել Սփյուռքում լույս տեսնող եւ հեռարձակվող մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ համազգային խնդիրներն օպերատիվ եւ օբյեկտիվ լուսաբանելու համար:

Լրագրողները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման եւ համազգային հարցերին մեծ նշանակություն տալու համար:

Լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 89 թերթերի, գործակալությունների, հեռուստաընկերությունների եւ ռադիոկայանների հայազգի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նյութերը, առաջարկություններն ու ծրագրերը կներկայացվեն Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ