News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 13-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի Ժողովրդական կուսակցության խմբակցության հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցում էին Եվրանեսթի ԽՎ հայկական պատվիրակության անդամներ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը ու Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության նիստի ընթացքում քննարկվեցին Արեւելյան գործընկերության անդամ երկրներում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, Բելոռուս) քաղաքական իրավիճակին, եվրաինտեգրման գործընթացին, Բաթումում կայացած Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների ընդունած հռչակագրին առընչվող հարցեր: Ներկայացվեցին եւ քննարկվեցին նաեւ ԵԺԿ առաջիկա համագումարի եւ գագաթաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք փաստաթղթերի նախագծեր: Հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայի  վարչապետ Վլադ Ֆիլատը՝ ներկայացնելով Արեւելյան գործընկերության շրջանակներում Մոլդովայի Հանրապետության իրականացրած աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները: Նիստի աշխատանքներին մասնակցում էր Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրաինտեգրման նախարար Յուրի Լյանկեն: Հայկական պատվիրակության կողմից ելույթներով հանդես եկավ Արտակ Զաքարյանը, ով մասնավորապես անդրադարձավ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական իրավիճակին, ժողովրդավարական հաստատությունների գործառույթներին, իրականացվող բարեփոխումների ընթացքին, առկա ձեռքբերումներին, բացթողումներին ու տարածաշրջանով պայմանավորված դժվարություններին: Տեղի ունեցած քննարկումների ընթացքում Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանականների, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից շեշտադրվեց ու կարեւորվեց 2012թ. Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ ընդգծելով, որ այն դրական գնահատականի է արժանացել դիտորդական առաքելությունների կողմից: Նիստի մասնակիցները համոզմունք հայտնեցին, որ առաջիկա նախագահական ընտրությունները եւս կանցնեն բարձր մակարդակով՝ ժողովրդավարական սկզբունքներին ու չափանիշներին համահունչ:

Արտակ Զաքարյանը մանրամասներ ներկայացրեց նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի օրակարգում ներառված առաջնահերթ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ մասնավորապես ասոցիացման համաձայնագրի շուրջ բնակցություններում, ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցություններում, մուտքի արտոնագրերի  դյուրացման, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակներում հաստատված ծրագրերով ՀՀ պետական հաստատությունների կողմից կատարված աշխատանքն ու ակնկալվող արդյունքները: Համապատասխան թեմաներով ելույթներ ունեցան նիստին ներկա բոլոր երկրների խորհրդարանական ներկայացուցիչները:

Ադրբեջանի ներկայացուցչի ելույթում հնչած մի շարք դրույթների վերաբերյալ հարցադրումներով հանդես եկավ Զարուհի Փոստանջյանը, ով զարմանք հայտնեց, որ սաֆարովյան խայտառակություններից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը ցինիկաբար նշում է, որ Ադրբեջանը ժամանակակից տոլերանտ պետություն է, որն իբրեւ խրախուսում եւ աջակցում է մշակույթների երկխոսությանը: Զարուհի Փոստանջյանը մասնավորապես նշեց, որ Ադրբեջանում ոտնահարվում են մարդու իրավունքները, առկա են քաղբանտարկյալներ, որոնց հարցը բարձրացվում է նաեւ ԵԽԽՎ-ում, իսկ մարդասպան Սաֆարովի հերոսացումն ընդհանրապես խոսում է Ադրբեջանի հակաիրավական, ռազմատենչ, ապակառուցողական, ատելություն սերմանող հայատյաց քաղաքականության մասին, եւ առաջարկեց, որպեսզի ԵԺԿ-ն եւս իր քաղաքական գնահատականը տա տեղի ունեցածին: Արտակ Զաքարյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպություններն անդրադարձել ու քննադատել են տեղի ունեցածը եւ կարեւորեց, որ Եվրանեսթ ԽՎ-ը եւս իր առաջիկա լիագումար նիստում անդրադառնա այդ դատապարտելի ու եվրոպական հանրույթի կողմից անընդունելի երեւույթին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ