News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երեւանի քաղաքապետարանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Ողջունելով հյուրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար եւ նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երեւանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է «Էրեբունի - Երեւան 2794» տոնակատարության տրամաբանության շրջանակում ու, այդպիսով նաեւ, դառնում տոնական տրամադրության շարունակություն:

«Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաեւ Ձեզ համար է լավ առիթ զգալու տոնական Երեւանի շունչը: Կարծում եմ արդեն հասցրել եք հմայվել Երեւանի գեղեցկությամբ եւ հավաստիանալ, որ Դուք մեր հյուրընկալ քաղաքում սպասված ու գնահատված հյուր եք:», -նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ բալետի աշխարահռչակ ռուս պարուհու երեւանյան ելույթն իր ուրույն տեղը կգտնի մայրաքաղաքի մշակութային կյանքի այս տարվա առատության մեջ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի եւ ջերմ ընդունելության համար, Անաստասիա Վոլոչկովան իր հերթին նկատել է, որ իսկապես ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից: Պարուհին նաեւ նշել է, որ իր առաջին այցից ավելի քան վեց տարի անց գալով Երեւան նախ եւ առաջ հաճելիորեն հիացել է քաղաքի ներկայիս անճանաչելիորեն գեղեցկացած արտաքին տեսքով:

«Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես իսկապես հիացած եմ: Երեւանը շատ է գեղեցկացել, ինչի համար ի սրտե ուրախ եմ, քանի որ ինձ համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամ: Ավելին, ունենալով շատ հայ ընկերներ, ես այստեղ ինձ բնավ օտար չեմ զգում եւ հնարավորության դեպքում կկամենայի ավելի հաճախ այցելել Ձեր հրաշալի երկիր:» - նշել է Անաստասիա Վոլոչկովան եւ հավելել, որ կցանկանար ավելի շատ ներգրավված լինել հայկական մշակութային ծրագրերում:

Օգտվելով առիթից բալետի աշխարհահռչակ ռուս պարուհին քաղաքապետի հետ քննարկել է նաեւ մոտ ապագայում Երեւանի խորեոգրաֆիկ ուսումնարանի պատանիների համար վարպետաց դաս կազմակերպելու հնարավորությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով առաջարկը, քաղաքապետարանի պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հարցն ու հնարավորին կարճ ժամկետում կազմակերպել վարպետաց դասի անցկացումը:

Տպել
Ամենաշատ