News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսությանը:   

Հանրապետության նախագահի եւ Կառավարությանի անունից շնորհավորելով համալսարանի հոբելյանի կապակցությամբ վարչապետը նշել է. «Այս հոբելյանը լավ առիթ է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքները եւ մեր առջեւ դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Այդ համատեքստում, հենց մանկավարժությունն է, որ ունի լուրջ անելիքներ: Գաղտնիք չէ, որ եթե կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին, դրանով էլ պայմանավորված կլինի այս ոլորտի բարեփոխումների ընթացքն ու մեր առջեւ ծառացած նոր մարտահրավերների հաղթահարումը»:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝  կրթությունն է այն բանալին, որն ապահովելու է մեր երկրի ապագան: «Ուրախ եմ, որ վերջին շրջանում մանկավարժական համալսարանը ցուցաբերում է լավ առաջադիմություն: Մենք ունենք ազնիվ եւ պարկեշտ դասախոսներ, կարողանում ենք նոր կամուրջներ կառուցել եվրոպական լավագույն համալսարանների հետ, որպեսզի լավագույն փորձը տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում եմ, որ այդ եռանդն ու նոր շունչը կարողացել ենք դասախոսական կազմի հետ հաղորդել նաեւ ուսանողներին: Մանկավարժական համալսարանն այսօր վստահություն եւ հարգանք է վայելում, ինչը  պարտավոր ենք ամրապնդել»,- նշել է կառավարության ղեկավարը եւ ցանկություն հայտնել, որպեսզի մանկավարժական համալսարանը լինի առաջատարը բուհական բարեփոխումների բնագավառում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել կրթական համակարգի մակարդակը:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեւոն Կոջոյանը պարգեւատրվել է Մովսես խորենացու մեդալով, ՀՊՄՀ մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայլեյանը՝ Անանիա Շիարակացու մեդալով, իսկ Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: Պարգեւները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակի առթիվ եւ կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգեւատրվել 1987-1989 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, 1994-1999 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Բաղդասարյանը, 1999-2002 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, 2002-2010 թթ. ՀՊՄՀ ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը:

ՀՊՄՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը եւ ՀՊՄՀ խմբավարության եւ ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:

Տպել
Ամենաշատ