News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բարաք Օբամայի երկրորդ ժամկետում վերընտրվելը Հարավային Կովկասի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության դրամատիկ փոփոխությունների չի  հանգեցնի: Այդ մասին Turan-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Քարլթոնի համալսարանի Եվրոպական եւ եվրասիական հետազոտությունների տնօրեն Ջեֆ Սահադեոն:

Նրա խոսքով՝ վարչակազմը կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերը, բայց դրանք հազիվ թե սկզբունքորեն նոր բան ավելացնեն առկա սխեմային. «Լավագույն դեպքում կարելի է խոսել շահագրգիռ կողմերի վրա ճնշում գործադրելու մասին՝ առաջ մղելու նպատակով», - նշել է Ջեֆ Սահադեոն: Նրա խոսքով՝ նավթի եւ գազի արդյունահանման աճը նշանակում է, որ Ադրբեջանի հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը կնվազի:

«Սակայն Ադրբեջանը կկարեւորվի Աֆղանստանում զորքերի նյութատեխնիկական ապահովման տեսակետից, նաեւ՝ Իրանի հիմնախնդիրը կարգավորելիս:

Նաեւ շատ բան կախված է նրանից, թե ով կփոխարինի Հիլարի Քլինթոնին», - կարծում է փորձագետը: Ընդ որում, ըստ նրա Վաշինգտոնը երբեք էլ  ղարաբաղյան կարգավորման հարցի նախաձեռնությունը չի ստանձնել՝ բացի Մինսկի գործընթացի շրջանակում երկխոսության խթանումից: Ես վստահ չեմ, որ այժմ Վաշինգթոնն ավելի շատ բանի է պատրաստ: «Ինչ վերաբերում է թուրք-հայկական հաշտեցմանը, ապա Վաշինգտոնը ցանկանում է  հանգուցալուծել այդ բարդ իրավիճակը: Սակայն այդ հարցում ցանկացած փոփոխություն կծագի այդ երկրներից»:

Խոսելով տարածաշրջանում մարդու իրավունքների մասին՝ փորձագետը նշել է. «Ըստ իս ԱՄՆ-ի կառավարությունը կարծում է, որ տարածաշրջանի երկրներին սովորեցնելը եւ նրանց  գլխին մարդու իրավունքների մասին դասախոսություններ կարդալը կարող է  անարդյունավետ լինել, քանի որ դա քիչ է ազդում իրադրության վրա: Միաժամանակ Ադրբեջանը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության առումով ամենավատ ցուցանիշ ունեցող երկիրն է: Այն երկրների համար, որոնք արեւմտյան իրավապաշտպանական կազմակերպությունների վրա հարձակվելը  բնական են համարում, շատ դժվար կլինի բարեկամներ գտնել ԱՄՆ-ի Կոնգրեսում: Ամերիկյան հանրությունը քիչ բան գիտի Ադրբեջանի մասին, բացի նրանից, որ դա ինքնակալ եւ ժառանգաբար փոխանցվող  վարչակարգով խորհրդային նախկին հանրապետություն է: Արեւմտյան շատ գիտնականներ, որոնք փորձել են աշխատել այդ երկրում, բախվել են երկարաժամկետ վիզաներ ստանալու խնդրին: Եթե ադրբեջանական կառավարությունը ցանկանում է բարելավել իր վարկը՝ զբոսաշրջությունը եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար, ապա նրան բազմակարծության ապահովման որոշակի քայլերը պարզապես անհրաժեշտ են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ