News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը դեռեւս ձեռնպահ է մնում «Սաֆարովի գործով» իր քայլերի մանրամասները հրապարակելուց: «Ինչպես հայտնի է, ստեղծվել է աշխատանքային խումբ, այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:

Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ էին արձակել, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավասու մարմիններին, այս դեպքում` արդարադատության նախարարությանը հրահանգել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները դատական միջազգային ատյաններ դիմելու համար:

Տեղի ունեցածի հետ կապված Հայաստան է այցելել հունգար մտավորականության ներկայացուցիչներից կազմված խումբը, որպեսզի անձամբ հայտարարեն, որ ամաչում են Հունգարիայի իշխանությունների արարքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ