News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը: 

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այնուհետեւ Փլագ էնդ Փլեյ կենտրոնում  տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:

Փաստաթղթերի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին եւ անդրադառնալով «ԱրմԹեք-2012»-ին, Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչության բացմանն ու հնարավոր ակնկալիքներին՝ ՀՀ կառավարության ղեկավարն ասել է. «Համաժողովի նախորդ հանդիպումները կարծես նախապատրաստական փուլ լինեին  հինգերորդ «ԱրմԹեք»-ի համար: Այսօր մենք կարողացանք արձանագրել այն լուրջ նվաճումները, որոնք ունի Հայաստանը ՏՏ ոլորտում: Այստեղ մենք արձանագրեցինք չորս կարեւոր միջոցառումներ, որոնք կտան առարկայական արդյունքներ: Մասնավորապես, Փլագ էնդ Փլեյ կենտրոնում բացվեց Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Բազմաթիվ երկրներ, այդ թվում զարգացած պետություններն այստեղ բացել են իրենց ներկայացուցչությունները, որովհետեւ Սիլիկոնյան հովտում ունենալ այդպիսի ներկայացուցչություն, նշանակում է ունենալ գործիք, որը մասնավոր հատվածին զարգացման հնարավորություն է տալիս: Հայաստանի համար դա առավել կարեւոր է, քանի որ առանց Սիլիկոնյան հովտի հետ ամենօրյա կապի, հնարավոր չէ հետեւել ժամանակակից զարգացումներին, իսկ արագ փոփոխվող աշխարհում մենք պարտավոր ենք իմանալ բոլոր թարմ նորությունները: Ցանկանում եմ նշել, որ այս ներկայացուցչությունն իր աշխատանքները սկսում է բավականին լավ հիմքի  վրա: Այդ հիմքը Սիլիկոնյան հովտում գործող հայկական ձեռնարկություններն են, հայկական ներուժը, որը կազմակերպվել է երիտասարդ գործարարների եւ մասնագետների շնորհիվ: Ստեղծվել է մի ցանց, որը ներառում է 200 փոքր եւ միջին ընկերություններ՝ հայկական ներուժի մասնակցությամբ»:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է նաեւ պետություն-մասնավոր համագործակցության ներքո՝ 50-50 հարաբերակցությամբ Վենչուրային հիմնադրամի ստեղծումը, որը եւս կնպաստի ՏՏ բնագավառի զարգացմանը:

«Ստորագրվել է նաեւ  Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր: Սա նույնպես ՏՏ ոլորտի զարգացման գործում կարեւորագույն  քայլ է: Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլեւ չիպերի արտադրություն»,- նշել է ՀՀ վարչապետը: 

ՀՀ կառավարության ղեկավարն այնուհետեւ ընդգծել է  աշխարհահռչակ  «Ինթել» ընկերության հետ հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում ընկերությունը ներկայացված կլինի Հայաստանում՝ մեր երկրում բացելով իր կենտրոնը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանում իրենց կենտրոններն ունեն նաեւ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ»-ը եւ «Դե-լինք»-ը: Վարչապետի կարծիքով՝  ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ ստորագրված փաստաթղթերը նոր թափ են հաղորդելու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը:

«Չափազանց կարեւոր է, որ Սիլիկոնյան հովտում ունենք մեր տեղը եւ Սիլիկոնյան հովիտն էլ գիտի, որ քարտեզի վրա ՏՏ բնագավառում Հայաստանն իր բարձրակարգ մասնագետներով  ունի իր ուրույն տեղը: Ընդհանրապես, մենք փորձելու ենք  մի քանի ոլորտներում համաշխարհային քարտեզի վրա  դրսեւորել հարաբերական առավելություն եւ ունենալ բարձր գրավչություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: 

Անդրադառնալով Հայաստանում ՏՏ բնագավառում նոր աշխատատեղերի ստեղծման մասին հարցին՝  գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ոլորտը կառավարությունից տարեկան պահանջում է առնվազն հազար բարձրակարգ շրջանավարտ:  Վարչապետն ընդգծել է, որ այս բնագավառում ստեղծվող աշխատատեղերն ապահովում են բարձր վարձատրություն եւ ունեն մեծ արտադրողականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ