News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Նոր տարին ամենաընտանեկան տոնն է բոլորիս համար, նաեւ՝ ամենասպասվածն ու բարին: Եվ տա Աստված, որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: 

Սրտանց ցանկանում եմ, որ բոլոր ընտանիքներում Ամանորը դիմավորեն ուրախ, բարձր տրամադրությամբ: Ցանկանում եմ նաեւ, որ Ամանորն իսկապես տոն լինի բոլորի համար եւ տոնի զգացումը  ձեզ ուղեկցի թե՛ տանը, թե՛ դրսում:

Անցնող տարին, վստահաբար, իր հետքը թողեց Երեւան քաղաքի պատմության մեջ: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրած հաջողություններին զուգահեռ, տարին հագեցած էր նաեւ ամենատարբեր միջոցառումներով, որոնցով  Երեւանը աշխարհին կրկին ներկայացավ ոչ միայն հազարամյա մշակութային ժառանգություն ունեցող, այլեւ որպես գրքի համաշխարհային  մայրաքաղաք, հյուրընկալ ու ջերմ մե՛ր սրտի մայրաքաղաք:

Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում մենք կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել տարբեր ոլորտներում`  շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի: Համոզված եմ, որ այդ վստահությամբ ու նվիրումով աշխատելու ենք 2013-ին եւ եկող բոլոր տարիներին` նոր ձեռնարկումներ, նոր ծրագրեր կյանքի կոչելու, մեր բոլորի երազած ապահով, մաքուր ու հարմարավետ Երեւանի համար:

Երեւանը մեր բոլորի տունն է, մեր մեծ ընտանիքը։ Եվ այս մեծ ընտանիքում ես սիրով կիսում եմ բոլորիդ ուրախությունն ու անկեղծորեն միանում միմյանց ասվող բոլոր բարեմաղթանքներին:

Թող հետեւում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը, թող Նոր տարին նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, թող խաղաղություն ու բարօրություն բերի մեր երկրին ու բոլոր ընտանիքներին:

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երեւանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր,

կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման սեր ու ընտանեկան երջանկություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ