News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` հունվարի 6-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելության ժամանակ վիրահայ համայնքի հետ ունեցել է ոչ պաշտոնական զրույց, որի ժամանակ անդրադարձել են մի շարք հարցերի:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։ Նա նշեց, որ շատ չեն խորացել քննարկումների մեջ, բայց, այնուհանդերձ, մի քանի հարցեր են ուղղել:

Նախ, հետաքրքրվել են, թե ինչպես է պատկերացնում հայկական եկեղեցիների խնդիրների լուծումը: «Պատասխանն հետեւյալն է, ասաց, որ մենք չպետք է վախենանք այդ թեմաներով բարձր խոսել, եւ լավ կլինի, որ այդ թեման դիսկուսիա դառնա վրացական հասարակության մեջ: Նա նշեց, որ կարեւոր է, որ այդ հարցով ոչ միայն քաղաքական դիրքորոշում լինի, այլեւ կարողանանք  հասարակության մեջ այդ հարցի պատասխանները գտնել»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը:

«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավարը նշեց, որ չի բացառվում, որ հայկական եկեղեցիների խնդրով կոնկրետ քայլեր ձեռնարկվեն Իվանաշվիլիի` հունվարի 17-ին Հայաստան նախատեսվող այցից հետո: Այս հարցի առնչությամբ շատ կարեւոր է նաեւ Վրաստանի եկեղեցու դիրքը, քանի որ այն ազդում է որոշումների կայացման վրա, հանրային կարծիքի ձեւավորման գործում կարեւոր գործոն է:

Առնոլդ Ստեփանյանը նշեց նաեւ, որ բարձրացվել են նաեւ այլ հարցեր, օրինակ` հայկական համայնքի մասնակցության վերաբերյալ: Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ պետք է բարձրացնել հայկական համայնքի մասնակցությունը: Նա կցանկանար, որ հայկական համայնքի պոտենցիալը բացվի, զարգանա:  «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավարի խոսքով` իրենք հիմա նախարարությունների մեծամասնության հետ ակտիվ աշխատում են, հանդիպումներ են եղել 5 նախարարների հետ եւ ծրագրերի մասին են խոսել, թե ինչպես կարող են դրանք իրականացնել, իսկ Իվանաշվիլին պատրաստակամություն է հայտնել օգնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ