News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ Մարիցա Քյուչուքի` 2012-ի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած սպանությունը լրատվամիջոցների ոչ առաջին էջերում անցավ որպես կատարված դաժան սպանություն: Սակայն ստամբուլահայ համայնքը տեղի ունեցած դեպքի շուրջ առկա անորոշ մշուշի պատճառով խիստ անհանգիստ է եւ պատասխանատուներից պարզաբանում է սպասում: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը:

Քոփթաշը գրում է, թե առաջին հայացքից այս սպանությունը թվում է Թուրքիայում ամեն օր տեղի ունեցող տասնյակ սպանություններից մեկը, երբ կնոջ տուն են մտնում, կտրում կոկորդը, գողանում որոշ զարդեր եւ ոստիկանությունը հետաքննություն է սկսում: Սակայն, ըստ Քոփթաշի, այս սպանությունն արդեն մեկ ամսում նույն թաղամասում հայի նկատմամբ կատարված երկրորդ հարձակումն էր, ինչը վախեցնող է դառնում, երբ փորձում ես երկուսի միջեւ կապ գտնել:

«Ակոս»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով սպանության այն վարկածին, թե 85-ամյա կինը սպանվել է հայ լինելու համար, առաջ է քաշում մի քանի հարցադրումներ, որոնց մասին խոսում են հայ համայնքում.

Ճի՞շտ է, որ Մարիցա Քյուչուքի մարմնի վրա խաչի դաջվածք են արել հարձակվողները: Դատաբժշկական մարմինները կամ ոստիկանությունն այս հարցում պարզաբանում տալո՞ւ է:

Մի կարճ ընդմիջումով Սամաթիայում երկու հայ կնոջ դեմ հարձակումը պատահականությո՞ւն էր:

Եթե երկու դեպքերն էլ կապված են գողության հետ, ապա ինչո՞ւ են ուղեկցվել դաժանություններով:

Եթե ճիշտ է գողության վարկածը եւ նշում  են, թե կանանց վրա եղած զարդերն են տարել, ապա հարց է առաջանում` տներից այլ բան գողացե՞լ են, թե՞ գողությունն ուղղակի ծածկել է հանցագործության իրական նպատակը:

Ռոբեր Քոփթաշն իր հրապարակման մեջ պատասխանատուներից այս հարցերի կապակցությամբ պարզաբանումներ է պահանջում` հիշեցնելով Թուրքիայում ավելի վաղ` ազգային հողի վրա կատարված սպանությունների չբացահայտված լինելու ամոթալի փաստերը` այդ թվում 2007-ի հունվարի 19-ին Հրանտ Դինքի սպանությունը եւ 2011-ի ապրիլի 24-ին Սեւակ Բալըքչըիի սպանությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ