News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր` հունվարի 13-ին, նշում են այսպես ասած «հին Նոր տարին»: Թե որտեղից է այն գալիս եւ ինչի  հետ է այն կապված, զրուցեցինք պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանի հետ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դա հաշվարկված է հին` հուլյան տոմարով:

Ռաֆիկ Նահապետյանը պատմեց, որ մ.թ,ա. 45թ. Հուլիոս Կեսարը սահմանեց հուլյան տոմարը, մինչ այդ յուրաքանչյուր երկիր իր տոմարական հաշվումներով էր առաջնորդվում: Հռոմում մ.թ.ա. 45թ մտցվեց  հուլյան տոմարը, որը կոչվեց Կեսարի անունով: Այդ տոմարով Հռոմում առաջնորդվեցին մինչեւ 1582թ հոկտեմբերի 15-ը: Այնուհետեւ Հռոմի պապ Գրիգորիոս 13-րդը իր մոտ է հրավիրում տոմարագետներին` պարզաբանում մտցնելու տոմարական հաշվարկը փոխելու վերաբերյալ, քանզի հուլյան տոմարի համաձայն` տարին մոտ 11 րոպե երկարացված էր. «Ուղղակի ընտրել էին ոչ թե իսկական հաշվարկը` 365 օր 5 ժամ 48 րոպե 14 վայրկյան, այլ կլորացրել էին դա եւ ընտրել էին 365 օր 6 ժամ: Նոր հաշվարկի համաձայն տոմարագետները փոփոխություն մտցրեցին եւ ի պատիվ Գրիգորիոս 13-ի, այդ տոմարը կոչվեց գրիգորյան տոմար»,- ասաց ազգագրագետը: Ըստ այդ հաշվարկի` ճշգրտում մտցվեց հաշվարկային տարում եւ հուլյան տոմարով երկարացված 11 րոպե 14 վայրկյանը այժմ վերանում է, իսկ 45-1582թթ ընթացքում այդ 11 րոպե 14 վայրկյանը գումարվում է եւ դառնում 10 օր: 1918թ հունվարի 1-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը առաջնորդվեց գրիգորյան տոմարով, 1582թ մինչ 1918թ հունվարի 1 այդ 11 րոպե 14 վայրկյանը դառնում է 3 օր, այսպիսով` 10 օրվան գումարվում է  3 օր եւ դառնում 13 օր: Փաստորեն նոր` գրիգորյան տոմարը հին` հուլյան տոմարի համեմատությամբ 13 օր տարբերություն ունի: Գրիգորյան տոմարի մուտքը հայ իրականություն 1920թ դեկտեմբերի 2-ին էր: «Պատահական չէ, որ հունվարի 1-ի տոնակատարությունը որոշ տեղերում իրականցվում էր նոր տոմարով, որոշ տեղերում` հին` հուլյան տոմարով, այսինքն` հունվարի 13-ի կեսգիշերին` 00.00, սկսվում է հին տոմարով Ամանորը»,- ասաց Ռաֆիկ Նահապետյանը: Իսկ թե ինչու տարեսկիզբը ազդարարվեց հունվարին, ապա Հուլիոս Կեսարի ժամանակ հունվար ամիսը նվիրված էր խաղաղության աստված Յանոսին: «Այդ ժամանակ իրադարաձությունները կապում էին խաղաղության աստված Յանոսի եւ պատերազմի աստված Մարսի հետ: Ի վերջո, տարին պետք է սկսվեր խաղաղությամբ, դրա համար էլ հունվարը համարվեց որպես տարեսկիզբ»,- ասաց ազգագրագետը:

Նա ներկայացրեց, որ հին տոմարով Ամանորը նշելիս հայերի մեջ  եղել են մի շարք ծեսեր եւ ավանդույթներ: Նախեւառաջ, մեր իրականության մեջ եղեւնին ուշ է մուտք գործել, մինչ այդ դրան փոխարինում էր ձիթենու ճյուղը, այն տանում էին եկեղեցի, մասնակցում ժամերգությանը, պատարագին, այնուհետեւ զարդարում եւ դնում սեղանի վրա: Սեղանին լինում էր ծաղիկներ, թարմ ու չոր մրգեղենը խորհրդանշում էր լիությունը եւ առատությունը, այդպես ցանկանում էին ամբողջ տարվա ընթացքը ապահովել առատությամբ: Ռաֆիկ Նահապետյանի խոսքով` ամանորի սեղանին պարտադիր էր տարեհացը, որի մեջ դնում էին կոպեկ, բաժանում 12 մասի, որը խորհրդանշում էր տարին,  եւ ում ընկնում էր կոպեկը, տարին հատկապես հաջողակ էր լինում իր համար: «Տուն-տեղ մաքրում էին, տնօրհնեք են կատարում, մարդիկ հագնում էին նոր զգեստներ, փորձում էին ազատվել հին պարտքերից, վերացնել խռովությունները, դա ազգակցական, ընտանեկան, հասարակական տոն էր, փոքրերը այցելում էին համայնքի մեծերին»,- ասաց նա:

Այսօր, նրա խոսքով, Ամանորը վերածվել է մրցավազքի, ավանդույթները փոխվել են: Եթե հին տոմարի համաձայն` հունվարի 1-6-ը համարվում է պասի օր եւ մսեղենը գրեթե կանխված էր, իսկ այժմ ուտեստների մեջ գերազանցապես իշխող է մսեղենը, այն էլ` ոչ հարազատ համարվող խոզի ազդրամիսը: Այժմ հաճախ հայերը Ամանորի տոները գերադասում են անցկացնել ոչ տանը` Հայաստանում կամ արտերկրում որեւէ տեղ մեկնելով, որպեսզի կանանց ազատեն «տանջանքներից»: «Թե ինչպես է նշում այդ ընտանիքը հին Նոր տարին, կախված է տվյալ ընտանիքից, մթնոլորտից, ազգակցական կապերից: Հիմա չեն ուզում հետ մնալ, մրցակցություն է, եւ շատերը հունվարի 1-13-ից հետո պարտքերի տակ են ընկնում»,- ասաց Ռաֆիկ Նահապետյանը: Նա նաեւ շեշտեց, որ հաճախ սոցիալական վիճակը թույլ չի տալիս 13 օր տոնել Ամանորը եւ արդեն հունվարի 3-ից մարդիկ դադարեցնում են ամանորյա խրախճանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ