News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Բագարան գյուղի հարեւանությամբ գտնվող սահմանակից թուրքական Հելմջան գյուղից Վան քաղաքի բնակիչ է սահմանը հատել, ում Բագարանի բնակիչները ջերմ են ընդունել, նույնիսկ թեյ, են հյուրասիրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 35-ամյա թուրքին հյուրընկալած 53-ամյա Արթուր Սահակյանը:

«Նույնիսկ օղի, ուտելիք առաջարկեցի, բայց հրաժարվեց: Նաեւ առաջարկեցի, որ հագուստը փոխի, քանի որ գետը անցնելուց թրջվել էր, բայց դա էլ չընդունեց: Թեյը խմեց, փեչի մոտ նստեց, տաքացավ»,- ավելացրեց Արթուր Սահակյանը: Վերջինս պատմեց, որ հունվարի 8-ին ժամը 12-ի մոտակայքում իր  կինը տան մոտակայքում, որը 200 մետր հեռավորության վրա է գտնվում Արփաչայից թուրք է նկատել: Վերջինս փորձել է թուրքերենով ինչ-որ բան հասկացնել Արթուր Սահակյանի կնոջը: «Կինս թուրքերեն չի հասկանում եւ ինձ կանչեց: Ես թուրքերեն բավարար չափով հասկանում եմ: Հրավիրեցինք տուն: Թեյը խմեց, գյուղապետին զանգեցի կանչեցի, տարանք ռուսական  ուղեկալ»,- ավելացրեց Արթուր Սահակյանը: Հարցին, թե թուրքն ինչ պատճառաբանություն է տվել, թե ինչու է հատել սահմանը ասաց.« Իրանց իշխանություններից դժգոհ էր, եկել-անցել էր մեր մոտ օգնություն ստանալու: Դե մեզ ասաց, որ եկել է Հայաստանից օգնություն խնդրի, որ իրեն ուղարկեն արտասահման, քանի որ իր ազգականները արտասահմանում` Ֆրանսիայում են ապրում: Ամուսնացած չէր: Անձնագիրը ստուգեցի, Վանի բնակիչ էր: Ասում էր, որ Թուրքիա հետ չի գնալու»:

Սահակյանը կարծում է, թե թուրք երիտասարդը հոգեկան շեղումներ չի ունեցել. «Իմ կարծիքով շեղումներ չուներ: Ֆրանսերենի թարգմանիչ, դեսպանատան ներկայացուցիչ էր պահանջում: Եթե հոգեկան շեղումներ ունենար, դժվար թե թարգմանիչ պահանջեր»:

Հարցին, թե թուրքին հանդիպելուց վախեցել, լարվել էր, թե ոչ պատասխանեց. «Կին արմատն է վախենում` մենք ինչո՞ւ պետք է վախենանք»: Սահակյանը տեղեկացրեց, որ խիզախության համար իրեն պարգեւատրել է Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը:

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Վահրամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում եւս հաստատեց տեղեկությունը եւ փոխանցեց, որ սահմանը հատած երիտասարդին հանձնել են Հայաստանի անվտանգության ծառայությանը: Առաջիկայում կներկայացնենք, թե ինչպես է դասավորվել սահմանը հատած թուրք երիտասարդի ճակատագիրը: Նշենք, որ Արմավիրի մարզում գտնվող Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Երվանդաշատը եւ Բագարան գյուղաքաղաքը սահմանակից են թուրքական Կասկով եւ Հելմջան գյուղերին: Բագարանը Թուրքիայից բաժանում է Արփաչայը: Իսկ սահմանը վերահսկում են ռուսական զորքերը: Ի դեպ, գյուղը ամեն օր արթնանում է մոլլայի երգով, ինչը շատ պարզ լսվում  է գյուղում: Գյուղում օրը 3 անգամ շատ պարզ լսվում է, ոչ միայն մոլլայի երգը, այլեւ նրանց խնջույքների եւ մեքենաների աղմուկը:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ