News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իր տան դիմաց հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանին առնվազն 7-10 օր պետք է ապաքինման համար: Այս մասին այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

«Երեկ գիշերը բերել են հրազենային վնասվածքով,  մեզ մոտ հիվանդի վիճակը կարգավորվեց: Վիճակի կայունանալուց հետո, առավոտյան ժամը 10:30-ին կատարվեց վիրահատություն: Հեռացվեց գնդակը, որը գտնվում էր աջ արմունկային ուսի փափուկ հյուսվածքներում»,- ասաց բժիշկը:

Գագիկ Մանուկյանի խոսքով` վիրահատությունը լավ է անցել, հիվանդի վիճակը բավարար է: Պարույր Հայրիկյանը մի քանի ժամից լրիվ կարթանա, ցավեր չունի, արյան ճնշումը, գիտակցությունը նորմալ է:

Գագիկ Մանուկյանը նշեց, որ Հայրիկյանը  կմնա վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության տակ, իսկ երկու-երեք օր հետո կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ