News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը հարկադրված է դիմել Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նախանշված նախագահական ընտրությունները առնվազն 15 օրով հետաձգելու խնդրանքով: Այդ մասին Հայրիկյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի եւ Հանրային հեռուստատեսության լրագրողների հետ զրույցում:

«Իմ միակ ցանկությունն այն է, որ ինձնով անհանգստացողներն իմանան, որ ես լավ եմ եւ շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես աշխատել եմ: Ես ուզում եմ, որ ընտրությունները չհետաձգվեն»,- նշել է Հայրիկյանը եւ հավելել, թե ըստ օրենքի կա երկու տարբերակ` հետաձգել 15 օրով կամ 40 օրով: Ինքն ավելի հակված է, որ ընտրությունները հետաձգվեն 15 օրով:

Հարցին, թե ո՞ւմ է կասկածում մահափորձի կազմակերպման մեջ, Պարույր Հայրիկյանը պատասխանել է. «Կասկածում եմ օտար պետության ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս պետության՝ Ռուսաստանի, այլ նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Երբ ես կտրուկ ասացի, որ պետք է գնանք Եվրոպա, երբ այդ շեշտադրումը կատարեցի, ոմանց դա անհանգստացրեց, եւ ենթադրում եմ, որ դրա հետ կապված է: Ես անձնական հակառակորդներ չունեմ: Նույնիսկ այն անձանց, ովքեր ինձ վատություն են արել, վատ խոսքով չեմ պատասխանել»,- նշել է Հայրիկյանը:

Նախագահի թեկնածուն դեպքի ժամանակ տեսել է կրակողին եւ պատմեց, թե ինչպես է կատարվել ամենը: «Ես տեսա, կրակողին: Երբ նրան տեսնեմ, կհիշեմ, որ ինքն էր: Ես վայրկյանի ազդեցության տակ պետք է որոշում կայացնեի, տեսա, որ ձեռքը ուղղում է կրծքիս, փորձեցի դժվարացնել իր քայլը, ձեռքով խանգարեցի իրեն, կրակոցը եղավ, ինչպես բռնցքամարտի ժամանակ նոկաուտ եղա, բայց հասկացա, որ չպետք է կանգ առնեմ, փորձեց կրակել, ուզում էր կրակել գլխիս: Երբ առաջին կրակոցը ստացա, բարձր գոռացի, հարեւաններս դուրս եկան: Բղավում էի` օգնեցեք: Ինքը երկրորդ անգամ կրակեց, գնդակը անցել է մաշկիս տակով, լուրջ բան չկա: Հարեւաններս դուրս եկան, լավ հարեւաններ են, բացի մեկից, ով պրովոկացիաներ է սկսել, դուրս եկան, նա փախավ: Գնացի մուտքը բացեցի մտա ներս, հետո էլ ոչինչ չեմ հիշում: Զգացի, որ մարդիկ կան, ինձ թվում էր, թե գնում եմ: Էլ չհասցրի վերջին աղոթքս անեմ, վերջինն այսօր վիրահատությունից առաջ արեցի»,- պատմել է Հայրիկյանը:

Նա նշել է, թե իրեն լավ է զգում: «Սա հերթական փորձություններից մեկն է: Սա ցավոք իմ դեմ ուղղված չէ, այլ այն ծրագրերի դեմ, որ ես կրում եմ: Նախագահական ընտրություններին մանսակցող որեւէ անձի դրան ընդունակ չեմ համարում»,- արձանագրել է նա:

Նա նաեւ խոսել է նախագահ Սերժ Սարգսյանի այցից, նշել, թե նախագահն իր ցավն ու վրդովմունքն է հայտնել, ասել, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն: «Ես ասացի, որ ընտրությունները 40 օրով հետաձգելու միտք չունեմ, բայց այդ 15 օրը ակամա կստացվի»,- նկատել է Հայրիկյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ