News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարն ազգային-ազատագրական պայքար է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Օգոնյոկ» հանդեսին տված հարցազրույցում: 

«Ժողովուրդը, որին Ստալինը հրամայել էր դառնալ Ադրբեջանի մաս, չընդունեց այդ հրամանը: Ղարաբաղում հազարամյակներով ապրող հայերը նույնիսկ ամենառեպրեսիվ տարիներին բողոքել են այդ ապօրինության դեմ: Իսկ վերակառուցման տարիներին հարցին պարզապես մոտեցան ամենայն լրջությամբ: Ղարաբաղցիներն իրենք պետք է որոշեն` ինչ քաղաքական կարգավիճակով պետք է ապրեն ապագայում: Դա ինքնորոշման համար պայքարի դասական օրինակ է, եւ չկա որեւէ փաստարկ, որը կբացատրի, թե ինչու Արցախին պետք է մերժեն իր այդ իրավունքը: Մնացած բոլոր հարցերը տեխնիկական են»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, թե ԼՂՀ անկախությունը հռչակվել է այն ժամանակ փլուզվող ԽՍՀՄ-ի սահմանադրական բոլոր նորմերին եւ միջազգային բոլոր օրենքներին համապատասխան: Ղարաբաղցիների խաղաղ կոչերին Ադրբեջանի պատասխանը եղան բռնությունը, ջարդերը, պատերազմը:

«Եւ այսօր Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես սպառնում է մեզ պատերազմով: Այսօր նրանք ազատ են արձակում մարդուն կացնահարած մարդասպանին, նրան սպայական աշխատավարձ վճարում հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Իսկ նա նստած էր, որովհետեւ Բուդապեշտի հանրակացարանում սպանել էր քնած հային: Հերոսացնում եւ ասում են` ահա օրինակը, այսպիսիք հազարներ ունենք: Հայաստանի եւ ողջ հայկականի նկատմամբ ատելությունը դարձել է պաշտոնական Բաքվի քարոզչության լեյտմոտիվը: Նրանք ազգային ատելության, պատերազմի, ուժի կիրառման մասին այնպիսի մղումով են խոսում, որ տպավորություն է, թե հենց այդ արժեքներն են ՄԱԿ-ի Կանոնադրության հիմքը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Պետության ղեկավարը նշել է տարածաշրջանում սպառազինությունների արդյունավետ վերահսկման միջազգային մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը: Ադրբեջանը, հանդիսանալով ՄԱԿ Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ, գործնականում սպառազինությունների մրցավազք է սկսել, բացահայտ խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրող ստանձնած արտավորությունները, ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ, բայց նման պայմաններում ակնկալել ինչ-որ բեկում, անիրատեսական է: Բոլորն, ովքեր այդ խնդրով զբաղվում են Մոսկվայում, Վաշինգթոնում, Փարիզում, հրաշալի գիտեն, թե ում մեղքով մինչ օրս լուծում չի գտնվել: Նրանք հրաշալի հիշում են, թե ով տապալեց բանակցությունները Քի-Վեսթում եւ Կազանում: Եւ հրաշալի գիտեն, որ խնդրի էությունը ոչ Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների ինքնապաշտպանական ուժերի վերահսկման մեջ չէ, հետեւաբար լուծումը կախված չէ նրանց վերադարձից»,- ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ