News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարությունը բոլոր ուղղություններով քայլեր է ձեռնարկում` Ռամիլ Սաֆարովի ներման դեմ միջազգային բողոքարկման համար: Այս մասին, այսօր` փետրվարի 6-ին, խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն`  ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի այն հարցի, թե ինչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը` ադրբեջանցի մարդապան Ռամիլ Սաֆարովին ներելու որոշումը  միջազգային ատյաններում բողոքարկելու համար:

Թովմասյանի խոսքով` քանի որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի հրապարակումն ու տարածումը նպատակահարմար չէ, նա կարող է հայտնել միայն այն, որ գործընթացին մասնակցում են նաեւ փորձագետներ:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին, Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներ էին անցկացվել: Նրանում մասնակցել են նաեւ հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում եւ զոհված Գուրգեն Մարգարյանն ու նրան սպանած Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը մտել է Գուրգեն Մարգարյանի չկողպված սենյակ եւ կացնահարել է նրան: Այնուհետեւ Սաֆարովը փորձել է սպանել նաեւ մյուս հայ սպային` Հայկ Մուկուչյանին: Բարեբախտաբար` փորձը անհաջողության է մատնվել, քանի որ սենյակի դուռը կողպված էր: 2006 թվականի ապրիլի 13-ին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, առանց 30 տարվա ընթացքում ներման արժանանալու իրավունքի:

Դատարանում Սաֆարովը փոխել է ցուցմունքները` հրաժարվելով սկզբնապես արված հայտարարություններից` դա բացատրելով ռուսերենի եւ անգլերենի վատ իմացությամբ: 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովին հանձնել են Ադրբեջանին, որտեղ նա անմիջապես նախագահի կողմից ներման է արժանացել, բարձացվել է կոչումը եւ նվերներ է ստացել` տուն եւ ութ տարվա նպաստ: Նույն օրը Երեւանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ