News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին, իրենց բողոքն արտահայտելով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չընդունելու խնդրի կապակցությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ, մեծարգո՛ պարոն Վարչապետ,

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամների, իրավապաշտպանների եւ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության ենթարկված բազմաթիվ կանանց անունից ձեզ ենք ուղղում այս բաց նամակը, որպեսզի արտահայտենք մեր խորին հիասթափությունը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չընդունելու խնդրի կապակցությամբ:

Ինչպես դուք տեղյակ եք եւ ինչպես նշված է ներկայացված օրենքի նախագծում, ընտանեկան բռնությունը տարածված եւ լուրջ խնդիր է համարվում Հայաստանում: Ընտանեկան բռնությունն ունի ուղիղ եւ լուրջ ազդեցություն մեր հասարակության, հատկապես կանանց եւ երեխաների վրա: Միայն անցած տարվա ընթացքում հինգ կին մահացել է ընտանեկան բռնության պատճառով՝ առանց մայրական խնամքի թողնելով ավելի քան 12 մանկահասակ երեխա: Ի հավելումն սրան՝ ընտանեկան բռնությունից հազարավոր տուժածներ դիմել են տարբեր հասարակական կազմակերպությունների` աջակցություն եւ պաշտպանություն ստանալու համար: Այնուամենայնիվ, ՀՀ Կառավարությունը, այդ թվում` պետական եւ քաղաքական գործիչները, դեռեւս պատշաճ ուշադրություն չեն ցուցաբերում այս հրատապ խնդրի նկատմամբ:

Ըստ Amnesty international-ի 2008թ.–ի սոցհարցման եւ ՄԱԿ-ի բնակչության հայաստանյան   հիմնադրամի (UNFPA) վիճակագրական հետազոտությունների՝ կանանց 25%-ը ընտանեկան բռնության զոհ է դառնում, որոնց մեծ մասը զուրկ է խնդրի լուծման եւ վերականգնման համար արդյունավետ աջակցություն ստանալու հնարավորություներից: Ըստ ՀՀ Ոստիկանության տվյալների՝ անցած տարվա ընթացքում ընտանեկան բռնության 766 դեպք է գրանցվել, որոնցից 621-ն ուղղված է եղել իգական սեռի ներկայացուցիչների դեմ, 145-ը` արական սեռի ներկայացուցիչների, իսկ անչափահասների դեմ ընտանիքում բռնության 15 դեպք է գրանցվել, ինչպես հայտնեց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նախորդ տարիների համեմատ գրանցված դեպքերի քանակն ավելացել է, սակայն չի կարելի ասել, որ դրանց թիվն աճել է: Չնայած տարբեր կազմակերպությունների (այդ թվում` ԵՄ–ի, ԵԱՀԿ–ի եւ ՄԱԿ–ի) կողմից խնդրի հրատապության վերաբերյալ կատարած նախազգուշացումներին՝ Կառավարության ջանքերն այս խնդրի լուծման հարցում դեռեւս մնում են անբավարար:

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մշակումն ու զարգացումը ցույց տվեց քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների եւ տեղական իշխանությունների անկեղծ եւ իրական ջանքերը՝ ուղղված մի ազգային օրենքի նախագծի ներկայացմանը, որն առաջին անգամ եւ ընդգրկուն կերպով կներկայացնի ընտանեկան բռնության խնդիրը Հայաստանում: Մի քանի տարիների ընթացքում ՀՀ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարության եւ Ոստիկանության ներկայացուցիչները, միջազգային կազմակերպությունները եւ տեղական ՀԿ – ները կատարել են խորհրդատվական աշխատանքներ՝ ուսումնասիրելով եւ մշակելով օրենքի այս նախագիծը:

Հիմք ընդունելով Կառավարության ներկայացուցիչների բազմաթիվ հավաստիացումները՝ մենք ակնկալում էինք, որ օրինագիծը Կառավարության կողմից անհրաժեշտ վերանայման կենթարկվեր, կկատարվեին կառուցողական առաջարկներ, որպեսզի օրինագիծը ներկայացվեր Ազգային Ժողով հաստատման համար:

Այսպիսով, բոլորիս համար շատ զարմանալի էր, որ օրինագծի սկզբնական քննարկումից հետո Կառավարությունն այն մերժեց՝ հենվելով որոշ տարրերի վրա, որոնք հակասում են Սահմանադրական եւ Քրեական իրավունքներին: Ենթադրվում էր, որ Կառավարությունը պետք է տար համապատասխան հանձնարարականներ եւ բարելավեր օրենքի նախագիծը՝ այն ամբողջությամբ մերժելու փոխարեն: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված վերլուծությունների եւ Կառավարության ներկայացուցչուհու՝ Աստղիկ Միրզախանյակի կողմից արված մոլորեցնող բացատրություններից հետո միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Կառավարությունն անում էր ամեն ինչ օրենքի նախագիծը մերժելու համար:

Արդարադատության նախարարության կողմից արված առաջարկության համաձայն` պետք է բարեփոխումներ իրականացվեն առկա Քրեական օրենսգրքում: Այնուամենայնիվ, սա ընդունելի կլիներ միայն այնպիսի երկրներում, որտեղ առկա են համապատասխան մեխանիզմներ եւ ենթակառուցվածքներ տուժածներին հետագա օգնություն ցույց տալու համար: ՀՀ Կառավարության որոշումն ապացուցում է, որ չկա հստակ պատկերացում ընտանեկան բռնության մասին, որովհետեւ գենդերային կամ ատելության հիմքով բռնությունները եզակի են եւ չեն տեղավորվում քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության շրջանակներում:

  Օրենքի նախագծի ընդունումը հետաձգելով` մենք կորցնում ենք շատ թանկարժեք ժամանակ եւ անմեղ մարդկանց բազմաթիվ կյանքեր, ինչպես նաեւ ծանրացվում է Կառավարության վրա դրված բեռը, որովհետեւ ընտանեկան բռնությունը հանրային առողջության եւ տնտեսության հետ կապված լուրջ խնդիր է: Մենք վճռականորեն կոչ ենք անում Կառավարությանը` հստակ քայլեր ձեռնարկել եւ հանձն առնել այն պարտականությունների իրականացումը, որոնք արտահայտված են վերջին տարիներին ՀՀ–ի կողմից վավերացված  միջազգային տարբեր կոնվենցիաներում:

Հիշեցնում ենք ձեզ, որ 1992թ–ին Կառավարությունը վավերացրել է Կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների վերացման կոնվենցիան(CEDAW)` երկրում գենդերային հավասարության խնդիրներին անդրադառնալու համար: Ի հավելումն սրան` վարչապետի հրամանագրով 2011թ–ին Հայաստանում ստեղծվեց միչգերատեսչական հանձնաժողով ընտանեկան բռնության  դեմ պայքարի համար: Հանձնաժողովում գտնվող Կառավարության եւ հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարության հսկողության ներքո հաստատեցին Ազգային գործողությունների ծրագիր 2011-2015 թթ–ի համար, որտեղ նշված էր, որ դրա կարեւորագույն նպատակներից է համարվում մինչեւ  2013թ–ը «Ընտանեկան բռնության մասին» առանձին օրենքի ընդունումը:

Ինչպես նաեւ, վերջերս ՀՀ Կառավարությունը վավերացրել է Ազգային ռազմավարության փաստաթուղթ՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այս փաստաթղթի հոդված 42.2–ում հստակ նշված է` ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի մշակումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, եւ այն սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը, (հ. 159 – 29, 2012թ., հոկտեմբեր):

Չնայած Կառավարությունը վավերացրել է այս եւ մի շարք այլ համաձայնագրեր՝ վերջինիս ձգտումը` ուղղված  համաձայնագրերում առկա պարտականություննրի կատարմանը, եղել է անբավարար:

Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունները շատ ջանքեր են ներդրել, որպեսզի օգնեն ՀՀ Կառավարությանը` տեսնելու ոլորտում իր առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները՝ առաջարկելով միջոցներ եւ փորձաքննություններ: «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մշակումը մեկն է նմանատիպ ջանքերից` աջակցելու Կառավարությանն իրականացնելու իր ստանձնած պարտավորությունները:

Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ. սա ազգային խնդիր է` կապված մարդու իրավունքների պաշտպանության հետ: Չկարողանալով ընդունել այս կարեւոր օրենքը՝ Կառավարությունը հստակ ուղերձ հղեց հայ հասարակությանը եւ ողջ աշխարհին, որ ընտանեկան բռնության կանխումը ցածր առաջնահերթության խնդիր է համարվում Հայաստանում եւ որ չկա այդ հիմնախնդրի լուծման համար բավարար քաղաքական կամք:

Այս նամակի միջոցով մենք եւս մեկ անգամ ձեզ ենք փոխանցում մեր հիասթափությունը եւ մտահոգվածությունն այս խնդրով եւ կոչ ենք անում իրականացնել Կառավարության կողմից ստանձնած պարտավորությունները: Մենք նաեւ ակնկալում ենք կոնկրետ քայլեր՝ ուղղված օրենքի բարեփոխումներին եւ ընդունմանը՝ Քրեական օրենսգիրք ինտեգրելու փոխարեն: Մեր Կոալիցիան, վայելելով թե՛ Հայաստանի եւ թե՛ սփյուռքի քաղաքացիական հասարակության աջակցությունը, կշարունակի իր գործունեությունը՝ ուղղված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընդունմանը:

Այս գործընթացը շարունակելու նպատակով մենք պահանջում ենք խորհրդակցական հանդիպում ձեզ հետ՝ հետագա գործողությունները քննարկելու համար:

Տպել
Ամենաշատ