News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը Ռամիլ Սաֆարովի գործով բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդ մասին այսօր՝ մարտի 1-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը:

Մասնավոր բողոքը ներկայացրել են զոհված սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները եւ Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները:

Ըստ փոխնախարարի` տվյալ փուլում, հաշվի առնելով անհատական բողոքը, հայկական պաշտոնական մարմինները զերծ կմնան քայլերից, սակայն մտադիր են ակտիվ մասնակցել գործին` որպես երրորդ կողմ: Բողոքը վերաբերում է  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների խախտմանը: Բողոքը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են  հայրենական եւ ատասահմանյան փորձագետներ, այդ թվում նաեւ Բուդապեշտի դատական գործընթացում հայկական կողմը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը:

Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ այս գործն աննախադեպ է Եվրոպական դատարանի համար, նկատի ունենալով կատարված հանցագործության ամոթալի բնույթը, եւ հայկական կողմը համարժեք արձագանքի հույս ունի:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի:

Սակայն ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ