News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այս օրերին Երեւանում գտնվում Թուրքիայի զբոսաշրջային օպերատորների ասոցիացիայի մենեջեր Չենգիզ Քելեջին (տատիկը հայ է): Նա մասնակցում է CTS զբոսաշրջային ցուցահանդեսին: Օգտվելով առիթից` լրագրողները մի քանի հարց ուղղեցին պրն. Քելեջիին:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս ցուցահանդեսին մասնակցությունից:

Այցելությանս նպատակն է գործարար նոր կապեր ստեղծել, քանի Հայաստանը Թուրքիայի համար զբոսաշրջային մեծ ներուժ ունի: Գիտենք, որ շատ հայեր իրենց արձակուրդն անց են կացնում Թուրքիայում` Անթալիա, Կապադովկիա, նույնիսկ` Ստամբուլ եւ այլն:  Ցանկանում եմ իմ գործնկեր Եղիշե Թանաշյանի հետ, ով «Ֆայվ Սթարզ Թրավելի» տնօրենն է, բացահայտել նոր հնարավորություններ եւ իրագործել դրանք:

Ի՞նչ խոչընդոտներ եք տեսնում երկու երկրների միջեւ զբոսաշրջային այցելությունները զարգացնելու համար:

Իրականում խոչընդոտներ չկան, թեեւս կարելի է խոսել միայն Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղիղ չվերթի բացակայության մասին: Բայց ապրիլի 5-ից սկսվում են Երեւան-Վան-Երեւան չարտերային թռիչքները` շաբաթական 2 անգամ: Երեսուներեք րոպե է լինելու թռիչքի տեւողությունը:

Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ չէ՞:

Զբաղված ենք զբոսաշրջային բիզնեսով: Յուրաքանչյուր ոք ցանկանում է լավ ժամանակ անցկացնել, հաճելի ժամանց, եւ մենք օգնում ենք նրան: Այդ իմաստով` քաղաքականությունը դուրս է մնում: Մենք ընդամենը բիզնեսով ենք զբաղվում, որից քաղաքականությունը դուրս է:

Հայաստանը հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է թուրք զբոսաշրջիկների համար:

Բնականաբար` Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում թուրք զբոսաշրջիկների համար: Իմ տատիկը հայ է եղել, մեծացել եմ հայկական ուտելիք ուտելով` տոլմա, իշլի քյուֆթա: Միշտ ցանկացել եմ այցելել Հայաստան եւ տեսնել, թե այդ ամենն ինչպես է Հայաստանում մատուցվում: Երեք օր է` Հայաստանում եմ, եւ միանշանակ` երջանկությամբ վայելում եմ եւ չեմ զգում ինձ օտար երկրում: Հյուրանոցները, ռեստորանները, հանրային տարածքները շատ ավելի մաքուր են, քան ես պատկերացնում էի, ավելի մաքուր` քան շատ այլ երկրներում, ամեն ինչ գեղեցիկ է, հարմար է: Աշխարհի 4 կողմերում եղել եմ, կարող եմ ասել` ձեր խմելու ջուրն ամենալավն է, Դիլիջանի ջուրը ամենահոյակապն է, ոչ մի տեղ նման ջուր չեմ խմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ